Երևանի քաղաքապետարանը գործի է անցել: Աջափնյակ վարչական շրջանում երեկ երեկոյան իրավիճակն այնքան լարված էր, որ ոստիկանությունը ստիպված եղավ քաղաքացիների բերման ենթարկել: Հալաբյան-Ֆուչիկի-Մարգարյան-Էստոնական-Շինարարների փողոցներում նույնատիպ ապօրինի շինություններն օր օրի ավելանում են: Վերջին 6 ամսում 60 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել, 34 օբյեկտ քանդվել:
Գայանե Եղիազարյան (Երևանի ավագանու անդամ, «Իմ քայլը» խմբակցություն) - Սա անօրինականության շատ վատ դրսևորում է քաղաքացիների կողմից, ես չգիտեմ՝ իրենք ինչ մտածելով են նման գործողություններ անում, որքան պետք ա չսիրել էս քաղաքը, ինչ վերաբերմունք պետք ա ունենալ էս քաղաքի նկատմամբ, որ կտրատեն ծառերը, ոչնչացնեն կանաչը, գազոնները, ինչ ա թե՝ ունենան շահ:
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը վստահեցնում է՝ կրպակները քանդելուց առաջ զգուշացրել են, որոշ քաղաքացիների անգամ հնարավորություն են տվել սեփական միջոցներով, ողջամիտ ժամկետում քանդել դրանք, իսկ մյուս դեպքում առանց զգուշացնելու քանդել են, որովհետև կառուցապատողին չեն կարողացել գտնել:
Հակոբ Կարապետյան (Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ) - Երեկ երեկոյան Աջափնյակում կոնկրետ 5 հասցեներում կրպակներ են ապամոնտաժվել, և էդ գործընթացը շարունակական է լինելու, եթե չասեմ՝ ամենօրյա բնույթ է կրելու: Իրավախախտում թույլ տվող այդ քաղաքացիները կամ խմբավորումները օգտվել են նախընտրական և բուն ընտրական վիճակից՝ ենթադրելով, որ պետական համայնքային համակարգի ձեռքերը չի հասնի ընտրական ընթացքում ապօրինի շինարարությանը:
Քաղաքապետ Հայկ Մարությանը երեկվա ավագանու նիստում հայտարարեց՝ այդ ապօրինություններն իրականացվում են զինված բանդայի կողմից, որոնք անգամ սպառնացել են քաղաքապետարանի աշխատակիցներին։ Երևանի ավագանու անդամը շղթայական կապ է տեսնում բոլոր տաղավարների միջև: Գայանե Եղիազարյանը տեղեկություն ունի, որ դրանք հովանավորվում են կոնկրետ մարդկանց կողմից:
Գայանե Եղիազարյան - Նույն տրամաբանության մեջ գործող ավազակախումբ է, այո՛, ավազակախումբ, չգիտեմ՝ իրենք հերոսներ չեն, ինչպես ներկայացնում են, օյ, բանդա, ի՛նչ բանդայի մասին է խոսքը, ընդամենը պետք էր իրենց հարցերը ոստիկանության միջոցով լուծել:
Աջափնյակի բնակիչների խոսքով՝ ապօրինի շինությունները կառուցում են հիմնականում գիշերը, երբ հարևանները քնած են, պատասխանատու պաշտոնյաների աշխատանքային ժամն էլ՝ ավարտված: Երկաթյա սյուներով 4 պատ և պատուհաններ. շինությունը պատրաստ է մեկ գիշերում:
Անի Մնացականյան (Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ) - Գիշերվա ժամերն ամենահարմար ժամերն են, որ կարողանան ապօրինություն անել, ու սա վանդալիզմ ա, սա ներում չունի, ես չգիտեմ՝ ինչ անուն տամ էս ամեն ինչին: Համոզված եմ, որ քանդելու են, չեն կարող չքանդել, որովհետև էս կառույցը ապօրինի ա, ինքը թույլտվություն չունի, և էդ հողը համայնքային հող ա:
Քաղաքապետարանից նաև հաստատեցին՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյանն ազատվել է աշխատանքից: Նա հունիսի 23-ին հրաժարականի դիմում է գրել։ Թե ո՞րն է ազատման պատճառը՝ դժվարանում են պատասխանել, բայց չեն բացառում, որ դա կարող է կապված լինել նաև վերջին դեպքերի հետ:
Մհրյանից բացի, աշխատանքից ազատվել են նաև թաղապետի տեղակալները: