Նանեն Արևելյան գործընկերության եվրոպական դպրոցից վերադարձել է մեդալների մի ամբողջ հավաքածուով ու գիտելիքների հարուստ պաշարով: Երկամյա կրթության ընթացքում աչքի է ընկել ոչ միայն ուսման մեջ առաջադիմությամբ, այլև սպորտում՝ լողի ու բասկետբոլի առաջնության մեդալակիր է: Վրաստանի Արևելյան գործընկերության եվրոպական դպրոց ընդունվել է անգլերենի ու մաթեմատիկայի քննություններով ու գերազանց գնահատականներով. Եվրոպական միության կողմից էլ ամբողջական կրթաթոշակ ստացել:
Նանե Վարդանյան (Արևելյան գործընկերության եվրոպական դպրոցի շրջանավարտ) - Սովորում ես՝ ինչպես մարդկանց առաջնորդել, ինչպես մարդկանց քո գաղափարի շուրջը համախմբես: Դա, իրականում, շատ կարևոր է ապագա կառուցելու ու պետություն զարգացնելու համար:
Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագիրը միջազգային կրթության հնարավորություն է տալիս Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլոդովայի և Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող 16-17 տարեկան երիտասարդներին: Ամեն տարվա համար 34-35 տեղ է հատկացվում:
Ավարտելով դպրոցը՝ սաները միջազգային որակավորմամբ բակալավրիատի դիպլոմ են ստանում, որը կանաչ լույս է վառում բոլոր հեղինակավոր բուհերում: Շրջանավարտները հեշտությամբ, առանց հավելյալ քննությունների, ընդունվում են աշխարհի լավագույն բուհեր: Նանեն գերազանց միավորներով ամբողջական կրթաթոշակ է ստացել:
Նանե Վարդանյան - 15 համալսարան եմ ընդունվել՝ 6 ամբողջական զեղչով: Որոշեցի գնալ Կանադա:
Այս տարվա 34 շրջանավարտից 5-ը Հայաստանից են: Կանադական, եվրոպական և ամերիկյան բուհերում սովորելու համար բոլորն էլ ամբողջական կամ մասնակի կրթաթոշակներ են ստացել: 4 տարի հնարավորություն կունենան մասնագիտանալ տնտեսագիտության, ավիացիոն ճարտարագիտության, ազատական և տեսողական արվեստների նաև ֆիզիկայի ոլորտներում:
Լոուրենս Մերեդիտ (Արևելյան գործընկերության եվրոպական դպրոցի տնօրեն) - Աշխարհի լավագույն համալսարաններում սովորելու կրթաթոշակների ահռելի թիվը ցույց է տալիս, որ բոլոր երիտասարդների համար հավասար կրթություն ստանալն առաջնահերթություն է: Ինչպես Նելսոն Մանդելան է ասել, կրթության ուժն ավելին է, քան փորձը, որի կարիքն ունենք տնտեսական զարգացման համար: Արևելյան գործընկերության զարգացման մեր տեսլականը հստակ է՝ երիտասարդների կրթության մեջ ներդրում անելն առաջնահերթություն է:
Արևելյան գործընկերության ծրագիրը երիտասարդների համար նոր հնարավորություններ է ստեղծում, ինչպես Նանեի համար: Վանկուվերում սովորելուց հետո մտադիր է նաև մագիստրոսական կրթություն ստանալ, դոկտորի կոչումով էլ պարտադիր Հայաստան վերադառնալ: Արևելյան գործընկերության եվրոպական դպրոցի տնօրինությունն էլ արդեն հաջորդ ակադեմիական տարում շրջանավարտների ցանց կստեղծի ու հետավարտական աջակցություն կտրամադրի: