Երկաթյա դռներից այն կողմ Խորհրդային Միության և տարածաշրջանի եզակի գիտական արժեքն է: Գծային և օղակաձև արագացուցիչն արդեն կես դար Հայաստանը նշմարելի է դարձնում աշխարհի գիտական քարտեզի վրա:
1967-ից Արտեմ Ալիխանյանի ղեկավարությամբ գործարկված արագացուցչի վրա մինչև այսօր իրականացվում են հիմնարար և կիրառական գիտափորձեր: Գիտական հսկան հնարավորություն է տալիս ուսումնասիրելու նյութերի խորքային կառուցվածքը, միևնույն ժամանակ համարվում է միջուկային ֆիզիկայի էներգիաների հետազոտման կենտրոն: Այստեղ գործընթացները կատարվում են միկրովայրկյանների ճշտությամբ: Էլեկտրոնային արագացուցչի հաճախականությունը 47 հերց է, ինչը նշանակում է, որ մեկ վայրկյանում էլեկտրոնները 47 անգամ անցնում են Երևանից Սանկտ Պետերբուրգ տարածությունը: Միացյալ Նահանգներից Եվրոպա, Ռուսաստանից մինչև Չինաստան առաջատար գիտնականները գալիս և ազգային գիտական լաբորատորիայի արագացուցչի վրա իրականացնում են իրենց գիտափորձերը: Անկախ մաշվածությունից, տվյալներն այստեղ առավել քան ճշգրիտ են:
Արագացուցչային խմբի ղեկավարը չի թաքցնում՝ սարքերը, կառուցվածքը հին են, բայց տվյալները ճշգրիտ են: Ինչպես 70-ականներին, այնպես էլ այսօր էլեկտրոնային արագացուցիչը պահանջված կառույց է առաջատար հետազոտող հաստատությունների համար: Կեսդարյա բոլոր գիտափորձերը 100 տոկոս արդյունավետություն են ապահովել: Վերջին 5 տարում Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ իրականացրել են աննախադեպ փորձեր այնպիսի ճշտությամբ, որոնք չեն ստացել առաջատար և ժամանակակից և ոչ մի կենտրոնում:
Աշոտ Հակոբյան (արագացուցչային խմբի ղեկավար) - Այն փնջերը, որոնք մենք ստացել էինք, շատ քիչ տեղեր էին ստանում, բայց մեր առավելությունն այն է, որ մենք այդ փնջերը ստանում էինք ավելի լայն էներգետիկ սահմաններում, քան ճապոնական Օսակայում, չինական Պելինում, Ֆրասկատիում:
Էներգետիկ հնարավորություններով եզակի արագացուցիչը կարևոր առանցք է համագործակցելու աշխարհի առաջատար գիտական հաստատությունների հետ: Բազմաթիվ խմբեր՝ Հայաստանից և արտասահմանից, տարվա մի մասն այստեղ են՝ ճշգրիտ արդյունքներ ստանալու համար: Գալիս են նաև առանձին գիտական խմբեր՝ զբաղվելու միջուկային ֆիզիկայի ցածր էներգիայի խնդիրներով:
Հրաչյա Մարուքյան (ֆիզմաթ գիտությունների դոկտոր) - Ունենք գիտափորձեր՝ կատարված Չեխիայի Բռնոյի համալսարանի գիտնականների հետ, որը վերաբերում է երկրորդական նեյտրոնների միջուկային ռեակցիաներին:
Համավարակը, ճիշտ է, խանգարեց համագործակցություններին, բայց անգամ հեռավար կարողացել են աշխարհի մասշտաբով ավարտին հասցնել ծրագրված գիտափորձերը: Այսօր արդեն գիտական խմբերն իրականացնում են նոր հետազոտություններ՝ միջուկային ֆիզիկայի ռեակցիաների ուսումնասիրության, իզոտոպների հնարավոր օգտագործման հարցում:
Հրաչյա Մարուքյան - Ուսումնասիրում են, թե ինչպիսի իզոտոպներ կարելի է ստանալ, և կարելի է բավարար քանակով ստանալ, որպեսզի հետագայում օգտագործվի բժշկության մեջ, մասնավորապես, պետք է նշել ռենիում 186-ի փորձերը:
Գիտնականներն արագացուցիչը կարևոր հարթակ են համարում երիտասարդների համար՝ տեսական գիտելիքները գործնականում կատարելագործելու համար: Ուսանողները ներգրավվում են արագացուցչային աշխատանքներին՝ տեղում միաժամանակ ծանոթանալով միջազգային համագործակցության հիման վրա կատարվող գիտափորձերին:
Գևորգ Քառյան (ԱԱԳԼ հիմնադրամի տնօրենի տեղակալ) - Երիտասարդները հնարավորություն են ստանում իրենց հետազոտական աշխատանքն անել՝ ընդգրկվելով հետազոտական խմբերում, դա նույնպես լավ հնարավորություն է մասնակցելու միջազգային տարբեր ծրագրերի, և իրենց ավարտական աշխատանքները կատարել հենց մեզ մոտ:
Տարրական մասնիկների և միջուկային ֆիզիկայի ոլորտում նոր բացահայտումների համար գիտնականները նոր երկարաժամկետ ծրագրեր են մշակում՝ տեղում ուսումնասիրելու տարբեր նյութեր էլեկտրոնային փնջերով: Այստեղ նույնիսկ նոր բացահայտումներ են սպասվում աստղաֆիզիկայի բնագավառում: Պետք է ցածր էներգիաների դեպքում ուսումնասիրել դեռևս անհայտ աստղաֆիզիկայի գործընթացներ: