Հանդիպումներ արտախորհրդարանական ուժերի ղեկավարների հետ. վարչապետի պաշտոնակատարը շարունակում է իր նախաձեռնությամբ քննարկումները: Այսօր հանդիպումների շարքը սկսվում է «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի հետ:
Նիկոլ Փաշինյանը նշում է՝ հանդիպումները նախաձեռնել է, որ լսի նրանց տեսակետները քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետի պաշտոնակատար) - Բոլոր քաղաքական ուժերը միշտ գեներացնում են որոշակի արժեքավոր քաղաքական բովանդակություն, որը շատ հաճախ, աղմուկի պատճառով մնում է աննկատ, և դրանից տուժում ենք բոլորս: Եվ, հետևաբար, խնդիրը հետևյալն է՝ ինչպե՞ս անել, որ այն մտքերը, այն գաղափարներն ու առաջարկները, որոնք արժանի են ուշադրության, որոնք արժանի են քննարկման և առավել ևս, որոնք արժանի են իրագործման գործնական կյանքում, դրանք չկորչեն քաղաքական աղմուկի մեջ, և մենք ավելի հասու և հասանելի լինենք այդ գաղափարներին:
Եթե կառավարությունը ականջալուր լինի իրենց, ապա դա ավելի արդյունավետ գործակցության, երկրի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու հնարավորություն կընձեռի՝ ընդգծում է Ուրիխանյանը:
Տիգրան Ուրիխանյան («Ալյանս» կուսակցության նախագահ) - Մենք ցանկանում ենք իհարկե, որպեսզի մարդիկ թևակոխեն հարատև կայունության ընթացք: Դրա պատասխանատուն, իհարկե, բոլոր ժամանակների իշխանությունն է: Մարդիկ ուղղակի ուզում են ապրել կայուն կյանքով, մարդիկ ուզում են ապրել, իհարկե, սոցիալապես ապահովված կյանքով: Առավել ևս՝ առանց պատերազմի, առանց ցնցումների: Եթե մենք մեր երկրում մեր առաջարկներով, այդ թվում՝ նախընտրական շրջանում հնչեցրած ծրագրային դրույթներով, կարող ենք նպաստել Հայաստանի Հանրապետության զարգացմանը, դա մեզ համար կլինի գոհացուցիչ:
Հաջորդ հանդիպումը «Պահպանողական» կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ էր: Վարչապետի պաշտոնակատարը արձանագրում է՝ այս ընտրությունը Հայաստանում ժողովրդավարության հաղթանակ է: Այն, որ ընտրությունը ազատ և արդար է եղել, արձանագրում է նաև Հայրապետյանը և խոսում ազգային համաձայնության անհրաժեշտության մասին:
Միքայել Հայրապետյան («Պահպանողական» կուսակցության նախագահ) - Դրա հակառակը Հայաստանում քաոսն է, որը հայկական օրակարգ չէ, և մենք ոչ միայն չենք սպասարկի, այլև դեմ կգնանք այդ քաոսին, որ ուժի կողմից էլ այն հրահրվի: Մարտահրավերներին դիմակայելու համար «Պահպանողական» կուսակցությունը պատրաստ է ցանկացած մարտահրավերի պարագայում սատար լինել և օգտակար լինել, որովհետև մենք բոլորս մեկ նավի վրա ենք:
Արտախորհրդարանական ընդդիմություն հասկացությունը բավականին լայն է, այդտեղ կան ուժեր, որոնց գաղափարներն ու մոտեցումները հակադիր և հակադարձ են միմյանց՝ արդեն «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանի հետ հանդիպմանը ընդգծում է Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյան - Սա էլ մի խնդիր է, բայց ես կարծում եմ, որ հաշվի առնելով այն հանգրվանը, որում գտնվում է Հայաստանի Հանրապետությունը, մենք պետք է առնվազն փորձենք գտնել մեթոդներ նույնիսկ հակադիր տեսակետների համադրման միջոցով ինչ-որ սիներգիա, ինչ-որ էներգիա ստանալու:
Դավիթ Սանասարյան («Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ) - Մենք նաև մեզ համարում ենք 2018 թվականի հեղափոխության կրողները ու նաև ամեն ինչ անելու ենք, որ հեղափոխության հարթակից այն, ինչ որ խոսք ենք տվել մենք և դուք, իրականություն դառնան:
Ինչ պետք է անել, որ արտախորհրդարանական ընդդիմությունը և կառավարությունը փոխադարձաբար ավելի լսելի և հասանելի լինեն միմյանց համար. Փաշինյանի այս հարցին պատասխանում է նաև Տիգրան ԱրզաքանցյանըԼ
Տիգրան Արզաքանցյան (ՀԴԿ ներկայացուցիչ) - Ես մտածում եմ մեր պետության զարգացման մասին, մեր կուսակցական ընկերները՝ նույնպես: Մենք կուզենայինք բոլոր այդ խնդիրների շուրջ համագործակցել, բանակցությունները լինեն շարունակական և արդյունավետ մեր երկրի զարգացման համար: Ամենակարևորն անվտանգությունն է, տնտեսության զարգացումը:
Արզաքանցյանը հավելում է՝ պատրաստ են քննարկել յուրաքանչյուր հարց և արդյունավետ գործակցել: