«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը մեկ ամսով կալանավորվել է: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության ներկայացրած միջնորդությունը:
Արմեն Չարչյանը, որպես մեղադրյալ, ներգրավված է ընտրողներին կաշառք տալու, ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով հարուցված քրեական գործով:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին մամուլում տարածվեց մի ձայնագրություն, որտեղ Չարչյանն իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին տեղեկացնում է, որ «Հայաստան» դաշինիքի ընտրացուցակում է և պարտադրում է անպայման մասնակցել ընտրություններին։
Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, փաստաբանները դատարանի որոշումից հետո հայտարարել են, որ բողոքարկելու են: