ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի դիմապակուն կրակած անձը հայտնաբերվել է և ձերբակալվել։ Այս մասին 1lurer.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վարդան Թադևոսյանը:
«Նիկոլայ Խ. անունով անձը ձերբակալվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել 185-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-305-րդ հոդվածով»,- ասաց Թադրոսյանը:
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը՝ հունիսի 20-ի առավոտյան, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» պատգամավորների ցուցակի առաջին համար, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի ավտոմեքենան հայտնաբերվել էր դիմապակու վրա կրակոցի հետքերով:
Նախաքննության ընթացքում կատարվել էին մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել էր կրակված փամփուշտի պարկուճ, իսկ ավտոմեքենայի սրահից` փամփուշտից արձակված գնդակի պատյան:
Նշանակվել էր դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություն: