7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի վրա կրակած անձի ինքնությունը պարզվել է: Երևանի 44-ամյա մի բնակիչ հայտնաբերվել և ձերբակալվել է, այսօր նա հարցաքննվել է, սակայն Քննչական կոմիտեն դեպքի վերաբերյալ որևէ տեղեկություն դեռ չի տրամադրում: Փոխարենը որոշ մանրամասներ այսօր ներկայացրեց տուժողը:
Արման Բաբաջանյան (ՀՀ 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր) - Քիչ առաջ կապվեցի գործով քննիչի հետ: Ձերբակալվել է ոմն Խ.Ն., կարծես թե կա համոզմունք, որ հայտնաբերվել է հենց կրակող անձը:
Արման Բաբաջանյանի մեքենային կրակել էին հունիսի 20-ի առավոտյան՝ արտահերթ ընտրությունների օրը, որին Արման Բաբաջանյանը մասնակցում էր քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ դաշինքով, ցուցակի առաջին համարն էր: Դեպքի վերաբերյալ միանգամից մի քանի հոդվածով քրեական գործ էր հարուցվել:
Քննչական կոմիտեից հայտնում են. «Նկատի ունենալով, որ Արման Բաբաջանյանի նկատմամբ ոտնձգությունը տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների օրը, ուստի անհայտ անձի կողմից քաղաքական գործչի գործունեությունը դիտավորությամբ դադարեցնելու նպատակով իրականացված առերևույթ ոտնձգության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձի հատկանիշով հարուցվել է ևս մեկ քրեական գործ»:
Հոդվածը ենթադրում է ազատազրկում՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ: Հանցագործության օրը Բաբաջանյանը հայտարարել էր, իսկ այսօր վերահաստատեց՝ միջադեպը բացառապես քաղաքական ենթատեքստ ունի:
Արման Բաբաջանյան - Ես Հայաստանում որևէ թշնամի չունեմ ո՛չ քրեական աշխարհում, ո՛չ այլ շրջանակների հետ: Կա բացառապես մեկ շրջանակ՝ քաղաքականն է:
Արման Բաբաջանյանը համարում է, որ նման կերպ հեղինակները փորձել են ազդել ընտրությունների վրա, ստվերել դրանց ընթացքը: Կրակոցները նաև նպատակ են հետապնդել վախեցնել քաղաքական միավորման անդամներին, համոզված է Բաբաջանյանը:
Արման Բաբաջանյան - Դա մեզ որևէ կերպ չի վախեցրել: Ես շատ լավ պատկերացնում էի՝ ո՛ր շրջանակները կարող էին դա անել: Մյուս կողմից՝ դա ևս ցույց է տալիս, որ իրականում ընտրությունների արդյունքում ձևավորված լանդշաֆտը չի լուծել քաղաքական ճգնաժամը:
Արման Բաբաջանյանը նաև նշեց՝ այժմ կան բոլոր պայմաններն այս հանցագործության պատվիրատուներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար: