Գյումրիում հանրային ծառայությունների միասնական գրասենյակը գործարկում է Արդարադատության նախարարությունը՝ «ՀայՓոստի» և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։ Գրասենյակը Շիրակի մարզի բնակիչներին հնարավորություն կտա մեկ վայրում ստանալ շուրջ 110 ծառայություն, ինչպես ՀՀ արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, Ազգային արխիվի, այնպես էլ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ կադաստրի կոմիտեի ոլորտներում:
Միջոցառման պաշտոնական մասից և տարածքում շրջայցից հետո վարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ Նա ասաց, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին վերադարձնելու գործընթացը շարունակվելու է։
Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զորամիավորումների դուրսբերման հարցի մասին խոսելով՝ Ավինյանը շեշտեց՝ հայկական կողմը հետքայլի տեղ չունի։
Ավինյանն անդրադարձավ նաև Օձունի համայնքապետի հետ կապված միջադեպին: Ասաց, որ բռնության անթույլատրելիության սկզբունքը շարունակում է գործել Հայաստանի կառավարության համար։
Հանդուրժողական մթնոլորտը երկրում պետք է վերականգնվի, բոլոր քաղաքական ուժերը պետք է լինեն կառուցողական՝ ասաց փոխվարչապետի պաշտոնակատարը:
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուսդամ Բադասյանն ասաց, որ արդարադատության ոլորտում բարեփոխումները պետք է շարունակվեն։ Ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրառումից խոսելով՝ ասաց, որ շուրջ երկու տասնյակ գործեր ամփոփման փուլում են։
Մինչև դատարան գնալը հաշտության տարբերակը դարձյալ գործում է՝ ասաց Բադասյանը: Մարդիկ, որոնք գիտակցում են, համերաշխության մթնորոտում կհամագործակցեն պետության հետ։