«Պատիվ ունեմ» դաշինքը իր առջև նպատակ էր դրել կանխել Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը, սակայն այդ խնդիրը չի կարողացել կատարել. այսօր հրավիրված ասուլիսում պատասխանելով «Լուրերի» հարցին՝ խոստովանեց դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը:
Արթուր Վանեցյան («Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակի 1-ին համար) - Մենք չենք ունեցել 7 մանդատ ստանալու նպատակ, որ ասենք՝ հաղթեցինք, թե պարտվեցինք, այն խնդիրը, որ դրված էր մեր առջև, մենք չենք կարողացել կատարել:
Այդուհանդերձ, մանդատները վերցնել-չվերցնելու վերջնական որոշում դաշինքը դեռ չունի, իսկ եթե, ի վերջո, խորհրդարան գնալու որոշում կայացնեն, Արթուր Վանեցյանը ասաց՝ թիմին միայնակ չի թողնի, կվերցնի մանդատը:
Արթուր Վանեցյան - Գնալու եմ խորհրդարան և շարունակելու եմ պայքարը, ցավոք, մանդատներ վերցնելը որևէ իրավական հետևանք չի առաջացնի խորհրդարանի համար:
Դաշինքը այժմ քննարկում է մյուս քաղաքական ուժերի հետ Սահմանադրական դատարան դիմելու հարցը: Երբ լինի բարձր ատյանի որոշումը, այդ ժամանակ էլ որոշում կկայացնեն՝ վերցնե՞լ մանդատները, թե՞ ոչ:
Արթուր Վանեցյան - Սահմանադրական դատարանի որոշումը ստանալուց հետո կասենք՝ ընդունո՞ւմ ենք ընտրության արդյունքները, թե՞ ոչ:
Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական և Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունների դաշինքը, ըստ էության, չի հաղթահարել անցողիկ շեմը: Ընտրական օրենսգրքով կուսակցությունների դաշինքի համար շեմը անցողիկ է, եթե տվյալ ուժը ստանում է ընտրողների առնվազն 7 տոկոսի քվեն:
Նախնական տվյալներով՝ 5.23 տոկոս ձայն ստացած դաշինքը, սակայն, օրենքի պահանջով կմտնի խորհրդարան: Սահմանադրությամբ ԱԺ-ում պետք է ներկայացված լինի առնվազն երեք ուժ: Թե ինչու «Պատիվ ունեմ» դաշինքը նման արդյունք գրանցեց, Վանեցյանը նշեց՝ պատճառները վերլուծելու համար դեռ ժամանակ է պետք:
Իսկ իշխող ուժին ավելի քան 50 տոկոս քվե տված քաղաքացիներին Արթուր Վանեցյանը համարում է «մոլորյալներ»:
Արթուր Վանեցյանը նաև ընդգծեց՝ գործող իշխանության հետ որևէ համագործակցություն չի պատկերացնում: