Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 3/27 ընտրատեղամասում վերահաշվարկից հետո քաղաքական ուժերի արձանագրած նախնական արդյունքները չփոխվեցին: Երրորդ տարածքային ընտրական հանձնաժողովը գրանցամատյանում միայն մեկ շտկում կատարեց:
Վարդան Առաքելյան (3-րդ տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ) - Փոփոխություն եղավ միայն անվավեր քվեաթերթիկների հետ. 3 անվավեր ունեինք, բայց 2-ն էին անվավեր, մեկը չսահմանված նմուշի էր:
Վարդան Առաքելյանի խոսքով՝ ընտրատեղամասում վերահաշվարկի դիմում-բողոքներ չեն ստացել: Քվեաթերթիկներն ու կտրոնները նորից հաշվել են սեփական նախաձեռնությամբ:
Վարդան Առաքելյան - Մեկ անճշտություն կար ամփոփիչ արձանագրությունում, և նաև բանավոր խոսակցություններ կային, որպեսզի փարատվեն մեր կասկածները, ընտրատեղամասը բացեցինք:
Երրորդ տարածքային ընտրական հանձնաժողովը հունիսի 22-ին վերահաշվարկ էր իրականացրել նաև 3/20 և 3/26 ընտրատեղամասերում, այս անգամ՝ ոչ սեփական նախաձեռնությամբ:
Վարդան Առաքելյան - Նմանապես ոչինչ չի փոխվել: Բողոք-դիմումը ներկայացրել էին վստահված անձինք:
Խորհրդարանի արտահերթ ընտրության նախնական արդյունքների վերահաշվարկ է իրականացվում Երևանում և մարզերում գործող 18 տարածքային ընտրական հանձնաժողովների 70-ից ավելի ընտրատեղամասերում:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան