Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնական այցով մեկնել է Ուկրաինա: Ընդունելության պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել հունիսի 23-ին` Ուկրաինայի նախագահական նստավայր Մարինոյի պալատում: Այցի շրջանակում Վրաստանի նախագահը հանդիպել է Ուկրաինայի իր պաշտոնակից Վոլոդիմիր Զելենսկու հետ: Հանդիպումները անցկացվել են առերես և ընդլայնված ձևաչափով, տեղի են ունեցել քննարկումներ փակ դռների հետևում:
Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Ուկրաինայի և Վրաստանի համագործակցությանը` ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացման համատեքստում:
Georgia Today-ի փոխանցմամբ՝ Զուրաբիշվիլին մտադիր է հանդիպել նաև Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի և Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Դմիտրո Ռազումկովի հետ: Վրաստանի նախագահն Ուկրաինա է այցելել պետական պատվիրակության հետ, որի կազմում են նախագահի աշխատակազմի, օրենսդիր մարմնի, գործադիր իշխանության ներկայացուցիչներ: