Ռուսաստանի ներդրումը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման հարցում որոշիչ է եղել, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է ՏԱՍՍ-ը::
«Այդ ջանքերի շնորհիվ դադարեցվել է հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում»,- ասել է նա միջազգային անվտանգության հարցով Մոսկվայի IX համաժողովի մասնակիցներին և հյուրերին ուղղված տեսաուղերձում:
Պուտինը նշել է, որ ռուս խաղաղապահները հուսալիորեն երաշխավորում են խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում, մեծ աշխատանք են տանում մարդասիրական վիճակը բարելավելու, տարածքները ականազերծելու և սոցիալական ենթակառուցվածքները վերականգնելու համար:
«Ռուսաստանը երբեք չի մոռանում այն պատասխանատվության մասին, որը կրում է հարևան երկրների անվտանգության և բարգավաճման համար, երկրների, որոնց հետ մեզ միավորում են պատմական, մշակութային և մարդկային անքակտելի կապերը: Մենք մտադիր ենք շարունակել նպաստել տարածաշրջանային հակամարտությունների ապաէսկալացիային, խաղաղության և կայունության ամրապնդմանը մեր մայրցամաքում»,- ասել է ՌԴ նախագահը: