Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է՝ ընտրությունների արդյունքներն անսպասելի էին, այն պատճառով, որ բոլոր հարցումներն այլ պատկեր են ցույց տվել։
Քոչարյանի դիտարկմամբ՝ եղել են զանգվածային խախտումներ, իրենք տեսել են վարչական ռեսուրսի ակնհայտ կիրառում և այդ պատճառով դիմելու են Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները քննարկելու համար:
Ռոբերտ Քոչարյանը նշել է նաև, որ շտաբները հավաքագրում են նյութեր, և առաջիկա օրերի ընթացքում կամփոփեն ու կպատկերացնեն, թե ինչ ծավալի բողոք է ներկայացվելու ՍԴ:
«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն պատգամավորական մանդատը վերցնելու ցանկություն չունի, քանի որ իր աշխատանքը օրենսդիր մարմնում չի պատկերացնում: Իսկ քաղաքական ուժը կվերցնի մանդատները թե ոչ՝ վերջնական որոշում դեռ չկա, բայց, Քոչարյանի համոզմամբ, իրենց ուժի համար մանդատների ստանձնումը լրացուցիչ հնարավորություն կլինի պայքարը շարունակելու համար: