Օր 3․ Հայրենասիրությունը ոչ թե խանչալով թուրքի վրա գնալն է, այլ սեփական հողում ապրելն ու արարելը․ «Մայրիկ»-ի Ալլան՝ Ասկերանից #Արցախիմարդիկ
Արցախում ճանապարհորդությունս շարունակվում է։ Որոշում եմ հանդիպել Երևանում էլ հայտնի դարձած «Բարդակ»-ի Ազատին։ Ստեփանակերտում եղանակը երեկոյան տաք է, փողոցներն ու բակերը՝ մարդաշատ։ Մտքերով ընկած, բոլորին ու ամեն ինչ նկարելով՝ մոլորվում եմ։
Բարեբախտաբար՝ տաքսի։
- «Բարդակ» փաբ, խնդրում եմ,- թելադրում եմ հասցեն։
- Շուրջներս լրիվ բարդակ ա, դու ասում ես՝ փաբ,- ժպտում եմ․ տաքսու վարորդն ակնհայտորեն գոհ է սրամիտ բառախաղից։
Տարօրինակ փաստ․ մարդիկ ավելի են բազմախոսում ու վստահում իրենց կարծիքը, երբ տեսախցիկ են տեսնում։ Երբեմն նույնիսկ հարց տալու կարիք չի լինում։
- Բա խի՞ ես «Բարդակ» գնում, ստեղացի՞ չես:
Պատասխանում եմ, որ լրագրող եմ: Վարորդը մտահոգվում է ու լռում.
- Գիտե՞ս՝ ինչի ա սենց: Որովհետեև լրիվ Ֆեյսբուքում են կռիվ տալի։ Ամեն օր մտնում նայում եմ․․․ Թե էդքան ի՞նչ եք խոսում։
Հաջողություն եմ մաղթում վարորդին, մոտենում փաբին ու սառած կանգ առնում․․․ «Սմերչի» հրթիռ․ հենց փաբի դիմաց․ Արեգ Բալայանի «բլոճիկներով» պատված։
(Արդեն հետաքրքիր է) Բացում եմ փայտե ծանր դուռը, ներսում իսկական «խառնաշփոթ» է՝ անվանը համապատասխան։ Փաստորեն, «բլոճիկները» միայն «սմերչի» վրա չեն բույն դրել, դրանք ամենուր են՝ պատերին, սեղաններին։ Պատերը զարդարում են նաև տարատեսակ պաստառներ, ավտոմեքենաների համարներ, հին տեսախցիկներ, նույնիսկ Բրիտանիայի թագավորական գվարդիայի զինվորի մանեկեն կա, մի խոսքով՝ իսկական «բարդակ»՝ Զեմֆիրայի գլխավորությամբ։
Ազատին բարևելուց հետո զարմանքս թաքցնել անկարող, բերանս ջուր առած՝ ցույց եմ տալիս «Սմերչը»։
- Սմերչի «նասիծելն» ա, Խնածախից եմ բերել՝ ավտոյիս վրա․ դրեցի էստեղ, որ ամենաուրախ պահերին էլ տեսնելուց հիշենք, չմոռանանք՝ ինչ կատարվեց։
Սկզբի համար՝ Ազատն ինձ խմիչք է հյուրասիրում (փաբում ենք, ի վերջո), իր համար թեյ պատրաստում (փաբերի տերերը երբեմն տարօրինակ նախասիրություններ են ունենում), տեղավորվում ենք սեղանի շուրջ․ ձայնագրիչս ստիպում է Զեմֆիրային լռել։ Հարցնում եմ պատերազմից (ուրիշ էլ ինչից․․․)։
- Ուրիշ հարց տուր, օրինակ՝ ամենասիրած ավտոս որն ա,- ծիծաղում է։
- Ինչո՞ւ չես ուզում պատերազմից խոսել։
- Ոչ թե չեմ ուզում, այլ․․․ Թեման այնքան ծեծված է, ամեն օր նույն բաներից ենք խոսում, ամեն ինչ հանգում է պատերազմին։ Բայց, դե, հա, այս ամենը մեզ համար ուրիշ կարևորություն ունի։ Եթե սկզբից «պատերազմ» երևույթին ուրիշ կերպ էինք նայում, անգամ Ապրիլյանից հետո, հիմա՝ 2020-ի դեպքերից հետո, հասկացանք՝ իսկական պատերազմը սա էր․ շատ բաներ սովորեցինք ու ավելի արագ մեծացանք։
Օր 2․ Ես մի օր Արցախից կվերադառնամ Հայաստան, բայց այդ օրն այսօր չի․ սարուշենաբնակ երևանցի Վաչեն #Արցախիմարդիկ
«Բարդակը» բացել է Ապրիլյան պատերազմից վերադառնալուց հետո։
- Թալիշում էի ու որոշել էի, որ նոր բան պիտի սկսեմ։ Պատերազմի ժամանակ լրիվ ուրիշ ձև ես սկսում հայրենիքդ սիրել։ Իմ կյանքի ամենաաստղազարդ երկինքը Թալիշում էր․ խրամատում պառկած մտածում էի, որ դա ամենասիրուն երկինքն է․․․ Վերադարձա, տարածքը վերցրի, վերականգնեցի, մի քանի շիշ խմիչք բերեցի, ու էդպես սկսվեց։
Ազատին հարցնում եմ՝ ինչ նպատակներ ունի, մնալո՞ւ է Արցախում, թե՞ այլևս վաղվա օրվան վստահ չէ։
- Երբեք չեմ մտածել գնալու մասին։ Ամսի 9-ի կատարվածն ընկալեցի միանգամից։ Պառկեցի քնելու, բայց առավոտյան աչքերս չէի ուզում բացել, երևի մի քիչ ուշ հասկացա։ Զայրացած էի,- հարցեր չեմ տալիս, թողնում եմ՝ թեյը խմի։- Որ պատերազմը սկսվեց, իրերս հավաքեցի ու գնացի առաջնագիծ՝ Եղնիկներ։ Հոկտեմբերի 1-ին վիրավորվեցի, բեկորային վիրավորում էր, գիտեի՝ «Սմերչից» եմ վիրավորվել, բայց պարզվեց՝ ինքնաթիռից են կրակ բացել,- ցույց է տալիս դեմքը, կիսամթում փորձում եմ տեսնել սպիները․- երեսս երկու տեղից, ձեռքս, ծունկս ու թաթս։ Երեք օր մնացի հիվանդանոցում, չորրորդին պնդեցի, որ դուրս գրեն, ու նորից մեկնեցի առաջնագիծ, բայց վիրակապերի պատճառով հրամանատարը հետ ուղարկեց, կոշիկ էլ չէի կարողանում հագնել՝ ցավում էր։ Էդպես որոշեցի, որ թիկունքում մի օգուտ կտամ։ Առաջնագիծ սննդամթերք ու ուրիշ անհրաժեշտ ապրանքներ էի տեղափոխում։ Վտանգավոր էր՝ անօդաչու սարքերը խփում էին։
Իրոք, շատ ենք պատերազմից խոսում․ բայց անցյալը վրեժ լուծելու սովորություն ունի․․․ եթե եղածը շուտ ես մոռանում։
- Հիմա ինչի՞ վրա ես աշխատում, ի՞նչ պլաններ ունես,- փորձում եմ շրջանցել պատերազմի թեման (ապարդյուն․ Ազատը ճիշտ էր՝ ամեն ինչ հանգում է պատերազմին):
- Նախքան պատերազմը ավելի շատ ուզում էի կենտրոնանալ անձնական աճիս վրա, բայց հիմա մտածում եմ սոցիալական ծրագրեր անել, արդեն մշակման փուլում են։ Դրանք կնպաստեն աշխատատեղերի ապահովմանը, մարդկանց ժամանցի ճիշտ կազմակերպմանը։ Հիմա աշխատում եմ մառան-գինետան վրա։ Դրան կհաջորդի ավելի մեծ ծրագիր՝ «վարպետների քաղաքը», վարպետության դասեր, աշխատաժողովներ կանցկացնենք, երեխաների համար անկյուն, փառատոների համար կինոթատրոն կլինի։
Օր 1․ Ես վստահ եմ, որ մարդ իր տան մեջ երբևիցե չպիտի վախենա. Արցախը նորից ոտքի կկանգնի. Հայկ Ավանեսյան #Արցախիմարդիկ
- Ազատ, իսկ ապագա՞ն։
- Եթե մենք ցանկանանք, կունենանք ապագա, մեզնից է կախված։ Եթե չէ, մեր ձեռքերով էլ ամեն ինչ կարող ենք քանդել, թողնել, գնալ։ Էստեղ իմ պապական տունն է, ես էստեղից չեմ գնա, կշարունակեմ բիզնես դնել․ պիտի հնարավորինս շատ ստեղծես ու ունենաս, որ դա պահելու, դրա համար պայքարելու ցանկությունդ ավելի մեծ լինի։