Խորհրդարանական արտահերթ ընտրություններում էական խախտումներ չեն եղել: Հետևաբար, դրանք չեն կարող լուրջ ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա: Այս համոզմանն է «Անկախ դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը: Այս կառույցը կիրակի օրը ունեցել է 700 անկախ դիտորդ:
Դանիել Իոաննիսյան («Անկախ դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ) - Այդպիսի խախտումներ եղել են ընդդիմության կողմից, այսինքն՝ ընտրակաշառքի դեպքերը, վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերը: Բոլոր հաղորդումները, որ իրավապահներին ուղարկվել են, գրեթե բոլորը վերաբերում էին ընդդիմությանը:
Իոաննիսյանը մեկ այլ խնդրի անդրադառնալով՝ նշեց, որ ԿԸՀ վիճակագրության վերլուծությունը փաստում է՝ այն տեղամասերում, որտեղ մասնակցությունն ապշեցնող` 80%-ից բարձր է եղել, ավելին են եղել նաև «Հայաստան» դաշինքի քվեները:
Դանիել Իոաննիսյան - Սա բերում է կասկածների, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Այդ տեղամասերում տարբեր լծակների ազդեցությամբ մարդկանց բերել են, և դրանով է պայմանավորված բարձր մասնակցությունը: Մարդկանց բերել են՝ պարտադրելով, որ քվեարկեն հենց «Հայաստան» դաշինքի օգտին:
Մոտ 10 ընտրատեղամասում էլ քվեարկությանը մասնակցած անձանց և անվավեր քվեաթերթիկների հարցում տեղական ու կենտրոնական հանձնաժողովների հաշվարկի տարբերություն կա: Դանիել Իոաննիսյանը մտածում է, որ դա մուտքագրման ժամանակ եղած սխալ է:
Դանիել Իոաննիսյան - Օրինակ՝ կա տեղամաս, որտեղ մենք դիտորդ ենք ունեցել: Դիտորդի բերած արձանագրության մեջ ՔՊ հավաքած ձայները 390-ն են, բայց աղյուսակի մեջ 39 է գրած: Հավանաբար, վերջին 0-ն մուտքագրելուց մոռացել են: Անմեղության կանխավարկածից ելնելով՝ համարում ենք, որ դա տեխնիկական վրիպակ է: Մեր մոտավոր վիճակագրական հաշվարկները վկայում են, որ այդ վրիպակների արդյունքում չի մուտքագրվել կամ պակաս է մուտքագրվել ՔՊ մոտ 2000 ձայն, «Հայաստան» դաշինքի՝ մոտ 700 ձայն:
Իոաննիսյանը չի բացառում, որ մյուս քաղաքական ուժերի ձայների հաշվարկում էլ կարող են որոշակի տարբերություններ լինել: Մինչև հունիսի 27-ը տարածքային հանձնաժողովները ժամանակ ունեն նորից հաշվելու, շտկելու բացթողումներն ու վերջնական հաշվարկները ներկայացնելու ԿԸՀ: