Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքական ուժերի ղեկավարների հետ խորհրդակցությունների շարքի մեկնարկը տրված է: «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը հանդիպումից հետո հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է ստեղծել խորհուրդ կամ մարմին՝ ձևավորված արտախորհրդարանական ուժերից:
Լևոն Շիրինյան («Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ) - Վարչապետը կարծում է, որ արտախորհրդարանական ուժերի հետ պետք է ստեղծվի համագործակցություն: Մենք ողջունում ենք, պատրաստ ենք համագործակցել, կառուցողական իմաստով՝ ցանկացած համագործակցության պատրաստ ենք, պարզապես արդյունք լինի:
Նիկոլ Փաշինյանը քաղաքական խորդրակցությունների մասին խոսել էր դեռևս ընտրության օրը՝ կեսգիշերին: Նա ցանկանում է լսել քաղաքական ուժերի պատկերացումները Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական կյանքի ու զարգացումների վերաբերյալ:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետի պաշտոնակատար) - Համագործակցային և պոզիտիվ դաշտ ստեղծել. պոզիտիվ, ոչ թե կառավարության նկատմամբ, այլ պոզիտիվ, որպեսզի փոխադարձաբար ավելի լսելի լինեն կառավարությունն ու արտախորհրդարանական ուժերը, որովհետև, կարծում եմ, իսկապես լսելիությունը շատ կարևոր է: Ակնհայտ է, որ կան գաղափարներ, կան առաջարկներ, մտքեր, որոնք աղմուկի մեջ կորում են և չեն լսվում:
«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպումն արդյունավետ որակեց՝ հավելելով, որ երկիրն ստեղծված իրավիճակից միայն ուս-ուսի տված կարող են հանել, որովհետև, պատերազմը դեռևս ավարտված չէ, ու խնդիրներին միասնական լուծումներ գտնելու անհրաժեշտություն կա: Արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին կտեսնե՞նք կառավարությունում, թե՞ ոչ հարցին Սարգսյանը պատասխանեց՝ ազգային համաձայնության կառավարության ստեղծման հարց Նիկոլ Փաշինյանի հետ չի քննարկվել:
Արամ Սարգսյան («Հանրապետություն» կուսակցության նախագահ) - Ընտրությունները որոշել են, թե որ քաղաքական թիմը պետք է լինի իշխանության, կոնկրետ քաղաքական թիմը քվե է ստացել ու ինքն իր իշխանությունն իր սեփական ուժերով պետք է բանեցնի: Նաև այն մարդիկ, որոնք պրոֆեսիոնալ են, որոնք համապատասխանում են ինչ-ինչ աշխատանքներ կատարելուն, անկախ նրանից, թե որ քաղաքական թիմից են, կարծում եմ, նորմալ իշխանությունը պետք է այդ կարգի մարդկանց ներգրավի:
«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանն էլ վարչապետին է ներկայացրել Հայաստանի հանրային կյանքի առողջացման իր տարբերակները: Նա քաղաքական միջավայրը փոխելու, քաղաքական դաշտին նոր շունչ հաղորդելու անհրաժեշտություն է տեսնում:
Նորայր Նորիկյան, «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ - Խոսել ենք Հայաստանի ապագայի վերաբերյալ. պետականաշինության, հանրային կառավարման գործում արդյունավետության բարձրացման, պետական ինստիտուտների բարելավման առնչությամբ: Կարծում եմ՝ պետք է կարողանանք անցնել պատասխանատու աշխատանքի միջոցով հանրային կյանքը բարելավելուն:
«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանն էլ ողջունում է Փաշինյանի՝ արտախորհրդանական ուժերին լսելու նախաձեռնությունը:
Սուրեն Սահակյան («Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ) - Շատ կարևոր հարց եք բարձրացնում: 2-3 տարի շարունակ արտախորհրդարանական ընդդիմության ձայնը, ըստ էության, լսելի չի եղել: Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա այս արդյունքները ցույց են տալիս, որ քաղաքական դաշտը մրցունակ չէ, իրականությունից կտրված է, և պետք է շատ աշխատել, որ այս մոխրացած դաշտում նոր ծիլեր առաջանան:
Խորհրդարանական ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերը բավականին լուրջ քաղաքական բովանդակություն են գեներացրել, ու այդ քաղաքական բովանդակության առնվազն մի հատվածի իրացումը կարող է էական նպաստել Հայաստանն այս դժվարին վիճակից դուրս բերելու համար: «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Նիկոլ Փաշինյանը: Բաբաջանյանն էլ, իր հերթին, շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին՝ շեշտելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակն անվիճելի է:
Արման Բաբաջանյան («Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար) - Այս իմաստով ժողովրդի իշխանությունը պաշտպանելու գործում մենք անմնացորդ կերպով պատրաստ ենք սատար լինել Ձեր ձեռնարկումներին: Եվ այդ իմաստով, ցանկացած ձևաչափով, պատրաստ ենք խոսակցության: Հասկանում ենք, թե ինչպիսի ներքին և արտաքին սպառնալիքներ, մարտահրավերներ կան, որոնք, վստահ եմ, արժանիորեն այդ հասունությունը, գիտակցումը կունենանք դիմակայելու և հաղթահարելու:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ափսոսանք է հայտնել, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել Ազգային ժողով մուտք գործելու շեմը, որովհետև կուսակցությունն իր տեղն ունի և իր դերակատարումն է ունեցել վերջին տարիների քաղաքական կյանքում: Մարուքյանն էլ արձանագրել է՝ երկրի ներսում միասնականությունը վերականգնելու իրենց օրակարգը պարտվել է:
Էդմոն Մարուքյան («Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար) - Չնայած դա ոչինչ չի նշանակում, և կուսակցությունը շարունակելու է դերակատարում ունենալ և ներկայացնել այն մոտեցումները, որ մենք պաշտպանում ենք, և պաշտպանել այն արժեքները, որոնք կուսակցության հիմքերում են: Ես հույս ունեմ, որ նոր ձևավորված խորհրդարանը և խորհրդարանական ընտրությունների անցկացումն ամբողջությամբ կարող են հիմք հանդիսանալ երկրում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար:
Մեծ պատասխանատվության տակ եք մտել, ապագա պետք է կառուցել, և Հայաստանը մեծ հույսեր է կապում ձեզ հետ: Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է «Ազատական» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորած Սամվել Բաբայանը: Նա կարևորել է Սահմանադրության և օրենսդրության խնդիրների շտկումը:
Սամվել Բաբայան («Ազատական» կուսակցության ընտրական ցուցակի 1-ին համար) - Բոլորը, իմ կարծիքով, իրենց ամբիցիաները պետք է ցած դնեն ու փորձեն համագործակցել հանուն մեր պետության, հանուն մեր ապագայի: Իմ կարծիքն այն է, որ ներքին կայունությունը մեծ խնդիրներ է լուծելու, եթե բոլորս գիտակցենք ու հասկանանք, որ մեր պետության շահը պետք է գերադասել ամեն ինչից բարձր:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են կարողությունների և ներուժի համախմբմանը, ինչպես նաև հետագա համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր: