2021-ի մայիսին Հայաստանում գրանցվել է աշխատատեղերի ամենաբարձր ցուցանիշը: Օրինակ՝ ապրիլի համեմատ՝ մայիսին գրանցված աշխատատեղերի թիվը 8.5 հազարով ավելի է` մոտ 635 հազար, իսկ վերջին մեկ տարում ավելացել է 37 հազարով:
Արսեն Արզումանյան (ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետի տեղակալ) - Մինչ այս, ամենաբարձր ցուցանիշը եղել էր նախորդ տարվա սեպտեմբերին՝ 632 հազար, որը կրկին աննախադեպ էր, և Հայաստանի Հանրապետության վիճակագրական պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն էր: Հիմա, այս տարվա մայիս ամսին, գերազանցվեց այդ ցուցանիշը:
Գրանցված աշխատատեղերին զուգահեռ՝ ավելացել է նաև նրանց հայտարարագրած եկամուտը: Այսինքն՝ այդ ամսին ամբողջ երկրում բաժանված աշխատավարձը: Այս տարվա մայիսին այդ թիվը կազմել է 134.7 մլրդ դրամ, ինչը 2020-ի ցուցանիշը գերազանցում է 16.2 %-ով, 2019-ինը` 19.8 %-ով, 2018-ինը` 39.3 %-ով:
Արսեն Արզումանյան - Մեկ աշխատատեղի մասով վճարված եկամուտը 2021 թվականի մայիսին կազմել է 212 հազար դրամ: Սա միջին ցուցանիշ է: 2020 թվականի մայիսին այս ցուցանիշը կազմել է 194 հազար, 19 թվականի մայիսին՝ 187 հազար և 18 թվականի մայիսին՝ 176 հազար:
Մասնագետների խոսքով՝ սա տնտեվարողների կարգապահության բարձրացման արդյունք է:
Արսեն Արզումանյան - Գնալով բարձրանում է հարկ վճարողների ինքնահայտարարագրման մակարդակը, սկսում են արդեն ստվերից որոշ չափով դուրս գալ, գրանցում են իրենց աշխատողներին: Բացի դրանից, հարկային մարմինն է ինտենսիվ հարկային վարչարարություն իրականացնում, այդ թվում՝ ամենօրյա վերլուծական աշխատանքները, որոնց արդյունքում հարկ վճարողներին ուղարկվում են ծանուցումներ և վերջիններիս կողմից համապատասխան ճշտումներ են կատարվում ներկայացվող հաշվարկներում:
ՊԵԿ-ը նաև ուսումնասիրել է, թե որ ոլորտներում է ակտիվություն նկատվում: Մայիսին աշխատատեղերն ավելացել են շինարարության, առևտրի, հանգստի կազմակերպման և հանրային սննդի ոլորտներում: