Հայաստանում սուր երաշտային իրավիճակ է: Օդերևութաբաններն արձանագրում են՝ Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռներում տեղումներ այդպես էլ չեղան: Անջրդի հատվածներում գարին, ցորենը և ընդհանարապես խոտը գետնից չեն բարձրանում: Մինչդեռ հունիսը պետք է լիներ տեղումնառատ ու պահպանվեր միջին ջերմաստիճան:
Գագիկ Սուրենյան (ՀՀ ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ) - Ինչ ունեցանք: Արևադարձային օդային զանգվածները Հայաստանում ակտիվանում են հուլիսին և օգոստոսին: Այս տարի, սկսած հունիսի առաջին տասնօրյակից, մենք Սաուդյան անապատի տարածքից ունեցանք անդադար արևադարձային տաք հոսանքների ներհոսք:
Տաք հոսանքների ներթափանցումն առավել սրվել է հունիսի 15-ից սկսած: Արարատյան դաշտում և Արենիի հատվածներում հունիսի կեսերին գրանցվեց 39, 40 աստիճան տաքություն: Օդերևութաբանության պատմությունում հունիսին ընդամենը երկու օր է գրանցվել 39 աստիճան շոգ: Այս հունիսի շոգը կշարունակվի մինչև ամսվա վերջ, ավելի բարձր ջերմաստիճանով՝ ասում է օդերևութաբանը:
Գագիկ Սուրենյան - Հունիսի 23-25-ը այդ տաք օդի ալիքը ավելի մեծ թափ է ստանում, և ջերմաստիճանը դեռ 2-3 աստիճանով բարձրանալու է, և Արարատյան դաշտում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռնային հատվածներում, Վայոց ձորի նախալեռներում և Երևանում կանխատեսվում է օդերևութաբանության պատմության ամենաբարձր ջերմաստիճանը՝ պլյուս 40 աստիճան, իսկ առանձին գոգավորություններում մինչև պլյուս 41 աստիճան տաքություն:
41 աստիճան ստվերում՝ նշանակում է արևի ճառագայթների տակ ավելի բարձր՝ ասում է օդերևութաբանը, հորդորում օրվա որոշակի ժամերի խուսափել արևի ճառագայթներից: Մարդու ջերմաստիճանից մի քանի աստիճանով բարձր օդի ջերմաստիճանը համարվում է էքստրեմալ շոգ, և օրգանիզմը դառնում է զգայուն և 39-ից 40, 41 աստիճանի անցումներն ավելի արագ է զգում:
Արտակարգ իրավիճակներից էլ արձանագրում են՝ երկրում բարձր հրդեհավտանգ վիճակ է: Հատկապես բնության գրկում հանգստացողները պետք է լինեն ծայրահեղ զգուշավոր: Արդեն իսկ հրդեհների ավելացման միտում է նկատվում:
Արսեն Սարոյան (ՀՀ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ պետի տեղակալ) - Հետևել հրդեհային անվտանգության կանոններին, եթե որևէ կրակ են այրում, ուտելիք են պատրաստում, ցանկացած կրակ առանց հսկողության չթողնել: Ցանկացած փոքր քամի, մեծ քամի միանգամից բերում է հրդեհների:
Համաշխարհային օդերևութաբանությունում արձանագրել են՝ վերջին տասնամյակում երկրագնդի տարբեր հատվածներում կլիման հաճախ է փոփոխվում: Մասնագետները դրանք անվանում են նյարդային կլիմա: