Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում, որում հայտնել է, որ, հաշվի առնելով այս օրերին Արցախում ձևավորված ներքաղաքական լարվածությունը և վերջին ամիսներին կուտակված հարցերը, այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանդես կգա ուղերձով:
«Բոլորին հրավիրում եմ ներկա գտնվել այսօրվա հանրահավաքին. ելույթս կսկսեմ ժամը 18:00-ին: Պատրաստվում եմ բաց ու անկեղծ խոսել բոլոր հիմնական խնդիրների ու լուծումների մասին՝ պատերազմից մինչև ներկա անվտանգային ու սոցիալ-տնտեսական իրավիճակ, ՀՀ իշխանությունների հետ հարաբերություններից մինչև ներքաղաքական զարգացումներ:
Ցավում եմ, որ այս հեղհեղուկ իրավիճակում ողջախոհությունը լքում է շատերին՝ առանց ընկալելու իրավիճակի լրջությունը Արցախի ապագայի համար:
Անկախ իմ հանդեպ ոմանց վերաբերմունքից՝ ես այս ծանր իրավիճակում պատասխանատվություն եմ կրում Արցախի բոլոր քաղաքացիների համար:
Սպասում եմ բոլորիդ»,- գրել է Արայիկ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին Ստեփանակերտի հրապարակում մի խումբ քաղաքացիներ պահանջել են Արցախի նախագահի հրաժարականը։ Ակցիան պայմանավորված էր Հարությունյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբ այցով։