ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնեց, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածման տեսանկյունից հարաբերական կայուն իրավիճակ է, դեպքերի կտրուկ աճ չի գրանցվում:
Միաժամանակ, Սահակյանն ասաց, որ վիրուսի վերարտադրման ցուցանիշը քիչ-քիչ բարձրացել է: Ըստ Սահակյանի՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը պատվաստումն է:
«Աշխարհի 180 երկրում օրական շուրջ 40 միլիոն պատվաստում է կատարվում: Հանրապետությունում հունիսի 21-ի դրությամբ ունենք 65 հազարից ավելի պատվաստում, որից 53 հազարը՝ առաջին դեղաչափ: Ընդհանուր բնակչության մոտ 2 տոկոսն է պատվաստվել: Սա նշանակում է, որ տարածաշրջանում վերջին տեղում ենք»,- ասաց Սահակյանը:
Սահակյանը նշեց, որ եթե այսպես շարունակվի, կոլեկտիվ իմունիտետի մասին խոսք չի լինի, և բնականոն կյանքին վերադառնալը երկար ժամանակ կպահանջի: