ԵԽԽՎ ամառային նստաշրջանի երկրորդ օրը նվիրված էր մամուլի ազատության թեմային, մարդկանց իրազեկված լինելու իրավունքին: Եվրոպան այդ հարցը շատ է կարևորում, հայ պատվիրակները ներկայացնում են այն հետևանքները, որ կարող են լինել, եթե մամուլն ազատ չէ:
Տաթև Հայրապետյան (ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ) - Ելնելով իմ ադրբեջանցի գործընկերների ելույթներից, որտեղ նրանք հպարտորեն խոսում են վերջին պատերազմում ձեռք բերած, այսպես կոչված, «հաղթանակի» մասին` ես մտածում էի՝ ի՞նչ կլիներ, եթե Ադրբեջանն ունենար ազատ մամուլ և խաղաղության մասին դիսկուրս, եթե խաղաղության թեման արգելքի տակ չլիներ Ադրբեջանում, և եթե ունենային ազատություն խոսելու այն լուծումների մասին, որոնք առաջարկում էին միջնորդները բանակցային գործընթացի ժամանակ, որը տևեց ավելի քան քսան տարի: Ի՞նչ կլիներ, եթե Ադրբեջանը չունենար «սև ցուցակ», որտեղ ներառված էին նաև միջազգային այն լրագրողները, որոնք այցելում էին Արցախ և գրում հակամարտության մարդկային կողմի մասին: Ի՞նչ կլիներ, եթե պատերազմի ժամանակ ադրբեջանցիները չթիրախավորեին հայ և միջազգային լրագրողներին՝ անտեսելով, որ նրանք կրում էին «PRESS» տարբերանշանով հագուստ: Ի վերջո, ցավոք, անգամ զինադադարի մասին եռակողմ հայտարարությունից հետո, վերջերս, մենք ականատես եղանք, որ անգամ ՈՒԵՖԱ-ն էր զարմացել, երբ Ադրբեջանը հրաժարվում էր հավատարմագրել այն լրագրողներին, որոնք ունեին հայկական ազգանուններ: Այս ամենը ցույց է տալիս, որ խաղաղության դիսկուրսն արգելված էր Ադրբեջանում և, ցավոք, իմ ադրբեջանցի գործընկերները մտածում էին, որ միակ ճանապարհը դա պատերազմն է, քանի որ դա էր քարոզվում:
Հայկական պատվերակության համար բոլոր քննարկումների ամենակարևոր հարցը հայ ռազմագերիների վերադարձն է: Նաիրա Զոհրաբյանը Եվրոպային նորից պահանջեց գործել:
Նաիրա Զոհրաբյան (ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ - Ես խոսել եմ երկու շաբաթ առաջ հայրենիք վերադարձած տղաների հետ։ Բաքվի բանտում նրանք տեսել են դժոխքը, նրանք եղել են դժոխքում։ Ադրբեջանին կոչերով և հորդորներով դիմելն այլևս անիմաստ է։ Եվ ես նորից և ամեն օր կոչ եմ անելու կոնկրետ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի հանդեպ, այլապես Ադրբեջանը դառնալու է Եվրոպայի ու եվրոպական արժեքների վերջին գերեզմանափորը։
Գերիների հարցն ու 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները քննարկվեցին նաև ԵԽԽՎ նստաշրջանի երկրորդ օրը՝ «Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերի» հանձնաժողովի փակ հանդիպման ընթացքում: Հայ պատգամավորներն ընդգծել են. ռազմագերիները չեն կարող դառնալ «առևտրի առարկա», խոսել են նրանց դեմ Բաքվում հարուցված շինծու դատական գործերի մասին: Ավելին, Արցախյան առաջին պատերազմից հետո Արցախում ապրող մեր հայրենակիցները տասնամյակներ շարունակ մաքրում էին ականապատ դաշտեր, որպեսզի կարողանան տեղաշարժվել, մինչդեռ Ադրբեջանը պայքարում էր ԵԱՀԿ գրասենյակի դեմ, որը հսկայական աշխատանք էր տանում ականազերծման հարցում:
Գերիների ճակատագրի վերաբերյալ Տաթև Հայրապետյանը հարց ուղղեց նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Բորիչին:
Տաթև Հայրապետյան - Տիկին գլխավոր քարտուղար, արդեն գրեթե 8 ամիս է, ինչ Ադրբեջանը շարունակում է անտեսել հայ ռազմագերիներին ազատ արձակելու միջազգային կոչերը, և այս մարդասիրական հարցը վերածում է քաղաքական մանիպուլյացիաներ անելու միջոցի: Ավելին, Ադրբեջանը սկսել է շինծու և խտրական դատավարություններ հայ գերիների նկատմամբ՝ միջազգային նորմերի և սկզբունքների, մասնավորապես Ժնևի կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ոտնահարմամբ: Ի՞նչ գործիքներ ունի Եվրոպայի խորհուրդն աջակցելու կոնվենցիաների կիրարկմանը, որ կարողանա պայքարել այս կեղծ քրեական գործերի դեմ և նպաստի տասնյակ գերիների հայրենադարձմանը:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը կարծում է, որ այս հարցերը լուծելու համար հասարակությունների միջև պետք է վստահության մթնոլորտ ստեղծվի, ինչը ժամանակատար է:
Մարիա Բորիչ (ԵԽ գլխավոր քարտուղար) - Ի՞նչ կարող է անել Եվրոպայի խորհուրդը: Իհարկե, մենք աջակցում ենք երկարատև, կայուն լուծում գտնելու աշխատանքին: Բայց դա Մինսկի խմբի գործունեության ոլորտն է: Մենք ամբողջովին աջակցում ենք նրանց և հուսով ենք, որ հնարավոր կլինի հասնել կարգավորման: Միաժամանակ, որպես Եվրոպայի խորհուրդ, մենք կարող ենք անել, ինչ անում ենք այս տարածքում, այն է՝ վստահության ձևավորման քայլեր կատարելը: Անմիջապես հրադադարից հետո, երբ հնարավոր դարձավ, մենք բարձրաստիճան խումբ ենք ուղարկել Բաքու և Երևան, և հիմա վստահության ստեղծման փուլում ենք, ինչը վերաբերելու է ոչ քաղաքական հարցերին: Պահված անձանց մասին միայն կարող եմ ասել, որ ողջունում եմ գերիների և ականապատ տարածքների քարտեզների վերջին փոխանակումը: Դա ամենախորհրդանշական քայլերից էր:
ԵԽԽՎ ամառային նստաշրջանը կավարտվի երկու օրից: