Համաճարակային իրավիճակը աշխարհում շարունակում է լարված մնալ, սահմանափակումները մնում են՝ անկախ պատվաստումների գործընթացից։ Քովիդը շարունակում է մուտացիայի ենթարկվել, որը նոր չարիք է դառնում աշխարհի երկրների համար։
Գայանե Սահակյան (ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար) - ՌԴ-ում այս պահին իրավիճակը չարիք է դարձել:
Հայաստանի Հանրապետությունում իրավիճակը հարաբերական կայուն է, դեպքերի կտրուկ աճ չի գրանցվել, բայց վիրուսի վերարտադրման ցուցանիշը, որը հասել էր 0.4 տասնորդականի, ինչը կայուն ցուցանիշ էր, սկսել է աճել:
Գայանե Սահակյան - Բայց վերջին 14 օրվա կտրվածքով երբ դիտարկում ենք, վերարտադրման ցուցանիշը դանդաղ տեմպերով աճում է, նախորդ 7 օրվա կտրվածքով հասել է 1.1-ի:
Դա նշանակում է, որ առաջիկա շաբաթում հնարավոր է՝ քովիդի 600 նոր դեպք արձանագրվի: Վարակակիրների 30 տոկոսը՝ 180 մարդ, կհոսպիտալացվի, նրանց 3 տոկոսը՝ 5 մարդ, ծայրահեղ ծանր վիճակում: Այս իրավիճակի միակ փրկությունը պատվաստումներն են՝ ասում է Սահակյանը:
Ամբողջ աշխարհում առ այսօր 2.66 միլիարդ է պատվաստվել, ամեն օր մոտ 40 միլիոն պատվաստում է կատարվում։
Գայանե Սահակյան - ՀՀ-ում այս պահի դրությամբ մենք ունենք արդեն 65 հազարից ավելի պատվաստումներ, որից 53 հազարը՝ առաջին դեղաչափ: Իսկ երկրորդ դեղաչափ ստացել են ավելի քան 12 հազար մարդ: Սա բնակչության մոտ 2 տոկոսն է: Սա նշանակում է, որ տարածաշրջանում մենք ամենավերջին տեղում ենք. սա շատ վատ ցուցանիշ է: Եթե այս տեմպերով գնանք, նպատակը, որր կարող ենք կոլեկտիվ իմունիտետ ստեղծել, երկար ժամանակ կպահանջի:
Հայաստանում օրական պատվաստումների նվազում կա՝ 1500 դեղաչափ՝ նախկին 2000-ի փոխարեն։ Ըստ Սահակյանի՝ պատճառներից մեկը համաճարակային հարաբերական կայուն վիճակն է։
Գայանե Սահակյան - Եթե ապրիլ-մայիսին մենք օրական մոտ 1000 դեպք ունեինք, մարդիկ ահաբեկված շտապում էին պատվաստման և մենք օրական կտրվածքով 1800-2000 պատվաստում էինք ունենում, այսօր հարաբերական կայուն իրավիճակ է, դեպքերի աճ չունենք, բայց վերարտադրման ցուցանիշն է աճել: Կգա ժամանակ, որ մենք կգրանցենք 4-րդ ալիքը:
Մասնագետը խորհուրդ է տալիս պատվաստվել հատկապես ռիսկի խմբերում գտնվողներին:
Շուտով Հայաստան կժամանի «Սպուտնիկ V»-ի ևս 60 հազար դեղաչափ: Հայաստանին առաջարկվել են նաև նոր՝ «Յանսեն» և «Նովավաքս» արտադրական անվամբ պատվաստանյութեր: