Իրանի արտգործնախարարությունը շնորհավորել է Հայաստանում խորհրդարանի արտահերթ ընտրությունները հաջող անցկացնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով ընդլայնել երկու հարևան երկրների բարեկամական հարաբերությունները՝ փոխանցում է իրանական Tasnim գործակալությունը:
Այսօր հրապարակված հայտարարության մեջ Իրանի արտգործնախարարության խոսնակ Սայիդ Խաթիբզադեն հայ ժողովրդին ու հաղթած քաղաքական ուժին շնորհավորել է խորհրդարանի արտահերթ ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ:
ԱԳՆ խոսնակը հաղթող ուժին հաջողություն է մաղթել Հայաստանի զարգացման, երկրի ներսում կայունության և տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերում:
Սայիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Երևանի հետ հարաբերությունների խթանումը չափազանց կարևոր է պաշտոնական Թեհրանի համար:
Իրանցի խոսնակը հույս է հայտնել, որ Հայաստանում նոր խորհրդարանի և նոր կառավարության ձևավորումը կընդլայնի երկու հարևան երկրների բարեկամական հարաբերությունները: