Լիլիթ Կիրակոսյան (Երևանի ավագանու անդամ, «Իմ քայլը» խմբակցություն) - Տպավորություն ա՝ քաղաքում ով ոնց ինչ ուզում՝ անում է:
Դժգոհողը Երևանի ավագանու անդամ է, բողոքի պատճառը՝ մայրաքաղաքում թափ հավաքած ապօրինի, ինքնակամ շինարարությունը։ Դալմայի այգիներում տներ են ավելանում, Երևանի կենտրոնում՝ մանսարդներ, Աջափնյակում․․․ մայթերի հաշվին խանութ-կրպակներ։ Նախկինում թաքուն, շաբաթ-կիրակի արվող գործը մարդիկ հիմա առանց խոչընդոտի, են գլուխ բերում։ Ինչո՞ւ է քաղաքապետարանը պասիվ՝ չեն հասկանում։
Գայանե Եղիազարյան (Երևանի ավագանու անդամ, «Իմ քայլը» խմբակցություն) - Արդեն աշխատանքային օրերին՝ մարդիկ հանդգնում են խանութներ տեղադրել գազոնների վրա:
Քանդում են՝ ինչը կարող են։ Աջափնյակում, օրինակ, քաղաքապետարանը 34 շինություն է քանդել․․․ դեկտեմբերից մինչև հիմա արձանագրած 60 ապօրինի կառույցից։ Բայց լինում են դեպքեր, երբ ինքնակամին չեն կարողանում անգամ մոտենալ, որովհետև դրանց տերերը տարածք մահակով ու զենքով զինվող խմած մարդկանց են ուղարկում։ 8 հոգով 40-ի դեմ ո՞նց պայքարեն, նույնիսկ ոստիկաններն են անզոր՝ իրավիճակը ներկայացրեց քաղաքապետ Մարությանը՝ բնորոշելով այն կրիմինալ խմբավորումների վարք։
Հայկ Մարության (Երևանի քաղաքապետ) - Ինձ զեկուցել են, որ ընտրությունների օրը 5 կրպակ է տեղադրվել, որից երկուսը՝ ոստիկանների ներկայությամբ: Սա համակարգային մեծ խնդիր է:
Ավելին՝ քանդված որոշ ապօրինիների տերեր վարչական ղեկավարներին դատի են տվել, ու պաշտոնյաները հիմա ստիպված են գնալ ցուցմունք տալ։ Նման իրավիճակ չէր լինի, եթե ընդունվեր ինքնակամների օրինականացումն ամբողջությամբ արգելելու քաղաքապետարանի նախագիծը՝ դահլիճի դժգոհությանն ի պատասխան զայրացավ Հայկ Մարությանը։
Հայկ Մարության - 2019 թվականի փետրվարին մշակված նախագիծն ուղարկվել է Կ առավարություն, որ համայնքային կամ պետական հողի վրա ոչ մի ինքնակամ չի օրինականացվելու, այդպես էլ այդ որոշումը չի ընդունվել: Ինչո՞ւ: Պատճառները կարող եք հարցնել ձեր գործընկերներին:
ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՀԱՄԱԼԻՐ ԿԿԱՌՈՒՑՎԻ
Շինարարությանը, երբ այն օրինական է, ավագանին երկու ձեռքով կողմ է։ Օրակարգային հարցերի շարքում հերթական խոշոր կառուցապատման համար հողի նշանակություն փոխեցին։
Գարեգին Խաչատրյան (Երևանի Անշարժ գույքի կառավարման վարչության պետ) - Տիգրան Մեծում նախատեսվում է կառուցել առևտրի կենտրոն և 14-20 հարկից բաղկացած շենքեր:
Բավական թեժ քննարկում ծավալվեց Շենգավիթում Շահամիրյանների փողոցը «Գրանդ հոլդինգի» հիմնադիր-գործարար Հրանտ Վարդանյանի անունով անվանակոչելու առաջարկի շուրջ։
Հարգում է բիզնեսի սոցիալական պատասխանատվությունը, բայց Արշակունյացի, Գարեգին Նժդեհի, Շահամիրյանների կողքին, համաձայն չէ՝ հայտարարեց ավագանու անդամներից Սաթենիկ Մկրտչյանը։
Լևոն Զաքարյանին դուր չէր եկել «նախագիծն էկոնոմիկայի նախարարի միջնորդությամբ է» ձևակերպումը։ Քվեարկությանը նույնիսկ ընտրական համակարգը դժվար միացավ։ 23 կողմ, 14 դեմ, 5 ձեռնպահ. որոշումն ընդունվեց: