Եվրամիության պաշտոնատար անձինք այս շաբաթ նախանշված ԵՄ գագաթնաժողովի ժամանակ Թուրքիայում մարդու իրավունքների անմխիթար վիճակի մասին հստակ ուղերձ հղելու ևս մեկ հնարավորություն ունեն, ինչը կարող է լուրջ ազդեցություն ունենալ Թուրքիայի՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների վրա: Այս մասին տեղեկացնում է Human Rights Watch կազմակերպությունը:
Պարբերականը նշում է, որ մի շարք լրագրողներ հայտնվել են ճաղերի հետևում. մարդիկ անխնա ճնշումների են ենթարկվում նաև սոցիալական ցանցերի գրառումներում ազատ խոսքի համար: Նման օրինակները ցույց են տալիս, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քրեական արդարադատության համակարգը վերածել է խորհրդարանական ընդդիմության դեմ մահակի:
Եվրամիության ղեկավարները Թուրքիայի կառավարությանը բացահայտ պետք է կոչ անեն դադարեցնել ընդդիմադիր քաղաքական գործիչների, լրագրողների, իրավաբանների և իրավապաշտպանների դեմ հարձակումները:
Եվրոպական կառույցը պետք է ստիպի Թուրքիային՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրական առաջընթացի ապացույցներ ներկայացնել:
Եվրամիությունը պետք է մարդու իրավունքների հանդեպ հարգանքը Թուրքիայի հետ առևտրային նոր կապերի հաստատմանը միտված բանակցությունների նախապայման դարձնի: Անկարան կոչ է անում Մաքսային Միության արդիականացմանն ուղղված բանակցություններ սկսել, սակայն դրանք չպետք է մեկնարկեն, քանի դեռ Թուրքիայում անկախ դատական համակարգի և հաշվետու հաստատությունների համար հստակ միջոցներ չեն ձեռնարկվել: