Գլխուղեղի 80 տոկոսը սնուցող զարկերակը խցանված է: Էկրանին պատկերված է գլխուղեղի կաթված: Եթե շտապ վիրահատություն չկատարվեր, կարող էր դեպքը մահվան ելքով ավարտվել:
Բժիշկ Դավիթը հարյուրավոր այսպիսի պացիենտների է վիրահատել, կյանքեր փրկել: Տարիներ առաջ նախաձեռնող, աշխատանքային խմբի անդամներից մեկը դարձավ, որ նախարարություն ներկայացրեց գլխուղեղի սուր կաթվածի ծրագիրը: Կառավարությունը հաստատեց, և 2019 թվականից սկսած այդ ծրագրով սուր կաթվածի փուլում հիվանդանոց հասցված ցանկացած պացիենտի բուժօգնություն է ցուցաբերվում պետպատվերի շրջանակում. թրոմբի՝ դեղորայքային լուծում լինի թե վիրահատություն:
Դավիթ Սահակյան («Էրեբունի» ԲԿ ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժության ծառայության ղեկավար) - Խոշոր անոթների խցանման դեպքում մահացությունը հասնում է մինչև 40-50 տոկոսի, մնացած հիվանդների մեջ շատ մեծ է տոկոսը մշտական ծանր հաշմանդամության: Մեզ մոտ կաթվածի ծրագրի ներդրումից հետո մահացությունը այս պահին տատանվում է 15-16 տոկոս, առնվազն կրկնակի նվազել է մահացությունը:
Մինչև պետպատվերի ներդրումը տարեկան ընդամենը մի քանի հոգու կյանք էր հաջողվում փրկել, դեղորայքը թանկ է, ուղեղի վիրահատությունները՝ նույնպես: Այստեղ մեծ նշանակություն ունի նաև ժամանակը: Երբ գլխուղեղի անոթը խցանվում է, մասնագետները շատ կարճ ժամանակ ունեն ուղեղի հյուսվածքը փրկելու համար: Դա է պատճառը, որ ծրագրից պետպատվերով կարող են օգտվել միայն կաթվածի սուր փուլում՝ առաջին 24 ժամվա ընթացքում: Սա այն ժամանակահտվածն է, երբ միջամտություններն արդյունավետ են: Ծրագրով հստակ սահմանված է նաև, թե շտապօգնությունը հիվանդին քանի րոպեում պետք է հիվանդանոց հասցնի, բուժկենտրոնում ինչպես դիմավորեն, որերորդ րոպեին պետք է արվի գլխի հետազոտությունը և այլն:
Դավիթ Սահակյան - Մեզ մոտ դա տեղի է ունենում մոտավորապես 40-49 րոպե, այսինքն՝ հիվանդի հիվանդանոց մտնելուց մինչև դեղի ներարկման սկիզբը: Պետական ծրագրի չափանիշներով՝ ժամանակը տրված է, որ պետք է լինի 60 րոպե, մեզ մոտ մի քիչ ավելի արագ է: Ներանոթային վիրահատության՝ թրոմբի հեռացման դեպքում՝ մոտ 80 րոպե:
Հաշվի առնելով այն, որ ծրագրում ընդգրկվելու համար հիմք է գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի առաջին 24 ժամը՝ ներառյալ տեղափոխման ժամանակը, դժվարություններ էին առաջանում հատկապես հեռավոր մարզերի բնակիչների համար: Այդ պատճառով ծրագիրն ընդլայնվում է, և այսուհետև կաթվածի բուժման պետական ծրագիրը կիրականացվի նախ Գյումրի, ավելի ուշ նաև՝ Վանաձոր բուժկենտրոններում:
Արմինե Աղաջանյան (ՀՀ Ան բժշկական օգնության քաղաքականության վարչության մասնագետ) - Էստեղ շատ մեծ նշանակություն ունի սարքավորումային հագեցվածությունը, և ներկա հետազոտությունները ցույց են տվել, որ առավել պատրաստ են այդ երկու ԲԿ-ները, հետագայում նաև կընդլայնվի այլ մարզերում:
Կաթվածի՝ արդեն փորձառու թիմը, որը նախարարության հետ այս ծրագիրը սկսել էր, հենց սկզբից էր հասկացել, որ միայն մոտակա մարզերի բնակիչներին է հաջողվում ինսուլտի սուր փուլում Երևան հասցնել, այդ պատճառով նախարարությանն առաջարկել, հիմա էլ մարզերի բուժկենտրոնների դեպքում են օգնելու իրականացնել ծրագիրը:
Նունե Եղիազարյան («Էրեբունի» ԲԿ կաթվածի ծառայության ղեկավար) - Բնականաբար, Էրեբունի ԲԿ-ն՝ որպես ծրագրի գլխավոր իրագործող և գլխավոր փորձառու կենտրոն, միանգամայն պատրաստակամ է օգնելու և սատար լինելու Գյումրի ԲԿ-ի և նախարարության նախաձեռնությանը և ապահովելու մարդուժով՝ փորձառու նյարդաբաններով, կաթվածի նյարդաբաններով, ռադիոլոգներով:
Ծրագրի ներդրումից՝ 2019-ի փետրվարից մինչև օրս, ծառայություն է մատուցվել սուր կաթվածով 900 պացիենտի: Այստեղ կաթված ստացած մարդկանց ապրելիության և որակյալ կյանքի ցուցանիշները չեն զիջում Ռուսաստանի, Եվրոպայի ցուցանիշներին: