Նոր կանաչ անկյուն մայրաքաղաքում: Էկոէպիկենտրոնն է՝ Գիտությունների ակադեմիայի Բուսաբանության ինստիտուտի նոր անկյունը: Այստեղ սովորեցնում են ճանաչել, պահպանել Հայաստանի բնությունը: Շաբաթներ առաջ՝ Շրջակա միջավայրի համաշխարհային օրը բացված այս վայրում կարելի է ծանոթանալ Հայաստանի կենսաբազմազանությանը, լսել վտանգված բույսերի ու կենդանիների մասին:
Զեմֆիրա Մելքոնյան (Էկոէպիկենտրոնի էքսկուրսավար) - Այստեղ ունենք մասրենի, սա պիստակենին է, տանձենիների տեսակներ կան: Այստեղ ներկայացված են տանձենիների վայրի ցեղատեսակները:
Երբ ասում են՝ մեր բնությունը բազմազան է, պետք է հասկանալ ասածի իմաստը՝ նշում են կենտրոնից: Այստեղ կարելի է լսել բույսերի դերի մասին կենցաղում՝ նույնիսկ տուն սարքելու գործում: Այս մեկը, օրինակ, ծղոտից է: Կանաչ անկյունը միայն ցուցահանդես չէ, նաև ուսումնասիրությունների վայր է:
Անուշ Ներսեսյան (Էկոէպիկենտրոնի ղեկավար) - Մեր կենտրոնում նախապատրաստել ենք էքսկուրսավարներ, որոնք հետաքրիր ձևով պատմում են մարդ-բնություն կապերի մասին: Բնությունից դուրս պահպանում ենք բույսերի այն տեսակները, որոնք վտանգված են: Որոշ բույսեր նաև բազմացնում ենք և մտադիր ենք վերադարձնել բնություն:
Հայաստանի կենսաբազմազանության տեղեկատվական և կրթական կենտրոնում վստահ են՝ ցուցանմուշները կհետաքրքրեն ոլորտի մասնագետներին, նաև՝ դպրոցականներին: Օգտակարն էլ կարելի է հաճելիի հետ համատեղել՝ խաղալ ու սովորել:
Կանաչ անկյունում նախապատրաստվում են նաև միջոցառումների:
Սոնա Ազնավուրյան (Էկոէպիկենտրոնի ադմինիստրատոր) - Բացի հիմնական էքսկուրսիայից մենք պլանավորում ենք կազմակերպել դասընթացներ՝ նվիրված Հայաստանի կենդանիներին և բույսերին, բացի դրանից՝ աշխատարաններ, երբ երեխաները կկարողանան ինչ-որ բան իրենց ձեռքով պատրաստել:
Կենտրոնից նշում են՝ մեր երկիրը բազմազան ու հարուստ է, բայց շատ բույսերի տեսակներ վտանգված են: Պետք է դրանց մասին պատմել մարդկանց, որ ճանաչեն, սիրեն պահպանեն: