Երկու տարվա դադարից հետո կրթական գերատեսչությունը վերսկսում է ուսուցիչների պարտադիր ատեստավորման գործընթացը: Այն դադարեցվել էր Կրթության ազգային ինստիտուտի լուծարման պատճառով: Մինչ այդ նախարարությունն ուսուցիչներին հնարավորություն կտա վերապատրաստվել ու ատեստավորման համար կրեդիտներ հավաքել: Պետական կառույցի փոխարեն գործընթացն առաջին անգամ վստահվել է հինգ տասնյակ կազմակերպությունների:
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում ուսուցիչներին կվերապատրաստեն օգոստոսից: Մինչև այդ կփորձեն նորոգման աշխատանքներն ավարտել: Կենտրոնը վերապատրաստումների փորձ ունի, հիմնականում ներառական կրթության ոլորտում: Այժմ շրջանակն ընդլայնել են:
Սա այն եզակի կազմակերպություններից է, որտեղ կվերապատրաստեն նաև տեխնոլոգիա, կերպարվեստ ու երգ առարկաները դասավանդողներին: Այս կենտրոնում վերապատրաստումները կիրականացնեն 30 ավելի մասնագետներ, եթե հարկ լինի նրանց թիվը կընդլայնեն:
Վերապատրաստող կազմակերպությունները ոչ միայն պետական ու մասնավոր կազմակերպություններ են, այլև դպրոցներ ու բարձրագույն ուսումնական հաստատություններ: Երաշխավորման գործընթացում նախարարությունում հաշվի են առել կառույցի փորձառությունը, վերապատրաստման տարածքի, անհրաժեշտ սարքավորումների, թեմատիկ պլանի առկայությունն ու ուսուցիչներին կազմակերպության ընտրության հարցում լայն հնարավորություն տվել:
Որպեսզի վերապատրաստումներն արդյունավետ անցնեն, դասընթացներին կհետևի Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնը: Գործընթացի համար պետությունը 182 միլիոն դրամ է տրամադրել: Յուրաքանչյուր ուսուցչի համար 24 000 դրամ է հատկացվելու: Գումարը վերապատրաստման ենթակա ուսուցիչների թվով կներառվի դպրոցների տարեկան բյուջեում: Վերջիններս էլ կփոխանցեն վերապատրաստող կազմակերպություններին:
Այս տարի 7400 ուսուցիչ կվերապատրաստվի: Գործընթացը կսկսվի հուլիսի սկզբին, կտևի մինչև նոյեմբերի 30-ը: