Միացյալ Նահանգների զինծառայողներն ու Ճապոնիայի ինքնապաշտպանության ցամաքային ուժերը կանցկացնեն Orient Shield լայնածավալ զորավարժություններ, որոնց երկու կողմից կմասնակցի 3 հազար զինվորական: Այս մասին այսօր տեղեկացրել է Ծագող արևի երկրի պաշտպանության նախարարը՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
Նոբուո Կիսիի խոսքով՝ մանևրումները կանցկացվեն հունիսի 24-ից հուլիսի 11-ը Ճապոնիայի ռամաբազաներում:
«Այս զորավարժությունները կդառնան ամենալայնածավալը դրանց անցկացման ամբողջ պատմության ընթացքում»,- հայտարարել է նախարարը:
Ճապոնիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ երկրի շուրջ տարածաշրջանային անվտանգության հետ կապված լարվածությունն ավելի է սրվում:
ԱՄՆ-ի ու Ճապոնիայի միջև Orient Shield զորավարժություններ անցկացվում են 1985-ից: Դրանց նպատակն է ամրապնդել երկու երկրների ստորաբաժանումների զինվորականների միջև փոխգործակցությունը, ինչպես նաև բարձրացնել մարտավարական ու մարտական պատրաստությունը: