ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ ամառային նստաշրջանում՝ «Մամուլի ազատության, հանրային վստահության և մարդկանց՝ իրազեկված լինելու իրավունքի մասին» զեկույցի քննարկման ժամանակ:
«Ես շատ եմ արժևորում այսօրվա քննարկումը: Շատ կարևոր է հասկանալ, թե մամուլը ինչ դեր կարող է խաղալ: Ես ցանկանում եմ, որ մենք այս հարցին այլ տեսանկյունից նայենք: Ազատ մամուլը և այն լրագրողները, որոնք ունեն գրելու, իրականությունը ներկայացնելու ազատություն, կարող են դիսկուրսներ ձևավորել հանրության շրջանում, ինչի շնորհիվ հնարավոր է անգամ խուսափել պատերազմներից:
Ելնելով իմ ադրբեջանցի գործընկերների ելույթներից, որտեղ նրանք հպարտորեն խոսում են, վերջին պատերազմում ձեռք բերած այսպես կոչված, «հաղթանակի» մասին ՝ ես մտածում էի՝ ի՞նչ կլիներ, եթե Ադրբեջանն ունենար ազատ մամուլ և խաղաղության մասին դիսկուրս, եթե խաղաղության թեման արգելքի տակ չլիներ Ադրբեջանում, և եթե ունենային ազատություն խոսելու այն լուծումների մասին, որոնք առաջարկում էին մեդիատորները բանակցային գործընթացի ժամանակ, որը տևեց ավելի քան քսան տարի:
Ի՞նչ կլիներ, եթե Ադրբեջանը չունենար «սև ցուցակ», որտեղ ներառված էին նաև միջազգային այն լրագրողները, որոնք այցելում էին Արցախ և գրում հակամարտության մարդկային կողմի մասին: Ի՞նչ կլիներ, թե պատերազմի ժամանակ ադրբեջանցիները չթիրախավորեին հայ և միջազգային լրագրողներին՝ անտեսելով, որ նրանք կրում էին «PRESS» գրվածքով հագուստ:
Ի վերջո, ցավոք, անգամ զինադադարի մասին եռակողմ հայտարարությունից հետո վերջերս մենք ականատես եղանք, որ անգամ ՈՒԵՖԱ–ն էր զարմացել, երբ Ադրբեջանը հրաժարվում էր հավատարմագրել այն լրագրողներին, որոնք ունեին հայկական ազգանուններ: Այս ամենը ցույց է տալիս, որ խաղաղության դիսկուրսը արգելված էր Ադրբեջանում, և, ցավոք, իմ ադրբեջանցի գործընկերները մտածում էին, որ միակ ճանապարհը դա պատերազմն է, քանի որ դա էր քարոզվում: Ես արժևորում եմ այս զեկույցը և կարծում եմ, որ մամուլի ազատությունը շատ կարևոր է:
Լրագրողները իրենց աշխատանքով, որը հաճախ բարդ է և վտանգավոր, կարող են օգնել խուսափել պատերազմներից և պայքարել ատելության խոսքի ու ատելության քարոզի դեմ»,- ասված է Տաթևիկ Հայրապետյանի ելույթում: