Ռեժիսոր Վահան Սեթոյանի նոր Ֆիլմը՝ «Մանանա»-ն, պատմություն է հարեմական ստրկությունից փախած կնոջ մասին: Ֆիլմի բոլոր գործողությունները տեղի են ունենում Հին Խոտ գյուղում, որտեղ էլ, ըստ պատումի, հարեմից փախչելուց հետո մշտական բնակություն է հաստատել կինն ու կառուցել Մրգաձորի Սբ Խաչ եկեղեցին: Սցենարի հիմքում ազատության մեջ հայտնված կնոջ խնդիրներն են։
Մոռացված լեգենդը՝ նորովի ընթերցմամբ: «Մանանան» հանդիսատեսին է ներկայացվելու ժամանակակից պարի, սիմվոլիկայի, վիզուալ ու հնչյունային լուծումների համադրությամբ, որտեղ երիտասարդ կինը պայքարում է տիեզերական մենության դեմ և գտնում իր արարման գաղտնիքը։
Ֆիլմի գլխավոր օպերատորը «Մանանան» համարում է իր հարուստ կինոդարանի լավագույն աշխատանքներից մեկը, նշում, որ ի տարբերություն այլ խաղարկային ֆիլմերի՝ «Մանանան» նկարահանման այլ առանձնահատկություններ ունի:
Իրականության ու գեղարվեստի ճշգրիտ համադրությունը ստանալու համար ռեժիսորը հասկացավ, որ միայն իմիտացիան բավարար չէ, և ընտրեց պարի լեզուն։ Գլխավոր դերակատարին մարմնավորում է պարուհի-խորեոգրաֆ Ռիմա Պիպոյանը, որի պլաստիկան էլ դարձավ կինոյի խոսքն ու դիալոգը։
Ֆիլմն այժմ հետարտադրական փուլում է, շուտով կավարտվեն նաև լուսագունային շտկումները, և ֆիլմը կուղևորվի փառատոների: Պրոդյուսերը մտածում է նաև «Մանանան» մեծ էկրան հանելու մասին։
Ֆիլմի բյուջեի մի մասը՝ 9 մլն դրամը, տրամադրել է Հայաստանի ազգային կինոկենտրոնը, մյուս մասը՝ ֆիլմարտադրող «Նյու Արենա պրոդաքշնը»: Ռեժիսորը հետագայում, անկասկած, էլի ֆիլմեր կնկարի, բայց իր համար «Մանանան» դեբյուտային է և միշտ կմնա խորհրդանշական:
Հեղինակ՝ Արթուր Հովհաննեսյան