ԵՄ խոսնակ Պիտեր Ստանոն հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված ՀՀ-ում անցկացված արտահերթ ընտրությունների հետ:
«Հունիսի 20-ին Հայաստանում կայացան արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ընտրությունների դիտորդական առաքելության նախնական գնահատմամբ` ընտրությունները եղել են մրցունակ և, ընդհանուր առմամբ, կառավարվել են պատշաճ կերպով կարճ ժամանակահատվածում: Ընտրողներն ունեցել են ընտրության լայն հնարավորություն, և հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ընդհանուր առմամբ, հարգվել են: Մասնակիցները կարողացել են ազատ քարոզչություն իրականացնել: Քվեարկության օրը՝ ներառյալ ձայների հաշվարկը, ընդհանուր առմամբ գնահատվել է դրական:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը, այդուհանդերձ, ընդգծել է՝ քարոզչության բացասական տոնայնությունը և հիմնական մրցակիցների շրջանում անձնավորվածությունը խոչընդոտել են քաղաքականության շուրջ կենտրոնացված քննարկումների անցկացմանը: Առաքելության ընդգծմամբ՝ ընդհանուր առմամբ, քարոզարշավի ողջ ընթացքում կանայք եղել են հետին պլանում:
Դիմում-բողոքները կամ հայցադիմումները պետք է մանրակրկիտ և արդյունավետ եղանակով քննության առնվեն՝ կիրառելով Հայաստանի օրենսդրությամբ նախատեսված համապատասխան ընթացակարգերը:
Եվրոպական միությունը հավատարիմ է Հայաստանի կայուն, ժողովրդավարական և բարեկեցիկ ապագայի կերտման գաղափարին: Մենք ակնկալում ենք սերտ համագործակցություն Հայաստանի բոլոր հաստատությունների, այդ թվում՝ նորընտիր խորհրդարանի և կառավարության հետ: Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին՝ միավորել ջանքերը և համատեղ աշխատել՝ արդյունավետ կերպով հաղթահարելու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները՝ ի նպաստ Հայաստանի։
Եվրոպական միությունը պատրաստ է էլ ավելի ամրապնդել ԵՄ-Հայաստան երկկողմ հարաբերությունները և աջակցել Հայաստանին՝ կյանքի կոչելու երկրում կարևոր բարեփոխումների իրականացման օրակարգը՝ հիմք ընդունելով ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի միջոցով սահմանված համատեղ պարտավորությունները»,- ասված է ԵՄ խոսնակի հայտարարության մեջ: