Եվրախորհրդարանի՝ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդը և Հայաստանի հարցով հիմնական զեկուցող, պատգամավոր Անդրեյ Կովաչևը հանդես են եկել ՀՀ-ում խորհրդարանի արտահերթ ընտրությունների հետ կապված համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.
«Երեկ Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանի արտահերթ ընտրություններ: Մենք շնորհավորում ենք հայ ժողովրդին ժողովրդավարության այս կարևոր դրսևորման համար՝ չնայած բարդ իրավիճակին։
Սա Հայաստանի համար առանցքային պահ է, և մենք հուսով ենք, որ ընտրությունների հստակ արդյունքները նոր դրական էջ կբացեն երկրի համար:
Շատ զգացմունքային քարոզարշավից հետո հայ հասարակությունը ամենաշատը միասնությունը վերականգնելու և ավելի լավ ապագա կերտելու համար ընդհանուր նպատակի շուրջ համախմբվելու կարիք ունի:
Համավարակի հետ կապված ճանապարհորդական սահմանափակումների պատճառով Եվրախորհրդարանը չկարողացավ դիտորդներ ուղարկել: Այնուամենայնիվ, ընտրություններին միջազգային դիտորդական առաքելություն են իրականացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը (ԵԱՀԿ ԽՎ) և Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ): Մենք ընդգծում ենք՝ առաքելությունը հայտնել է, որ ընտրությունները մրցակցային են եղել և, ընդհանուր առմամբ, լավ կազմակերպված: Ընտրողներին ընձեռվել են լայն տարբերակներ, և հիմնարար իրավունքներն ու ազատությունները հիմնականում հարգվել են:
Քաղաքական բոլոր ուժերին կոչ ենք անում ընդունել ընտրությունների արդյունքները և զերծ մնալ պառակտիչ հռետորաբանությունից և գործողություններից: Անօրինականությունների վերաբերյալ ցանկացած մեղադրանք չպետք է օգտագործվի լարվածությունը խթանելու համար, այլ անհրաժեշտ է դրանք կարգավորել համապատասխան բողոքների և բողոքարկման ընթացակարգերի ներքո:
Ակնկալում ենք աշխատել նորընտիր Ազգային ժողովի հետ ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ՝ ի շահ մեր քաղաքացիների»,- ասվում է հայտարարության մեջ: