Քայլ առ քայլ, փոքր-ինչ համբերություն սպասելի արդյունքի համար. գիտությանը հատկացված ֆինանսները Գիտության կոմիտեն ուղղում է երեք հիմնական ուղղություններով՝ նպատակային, բազային և թեմատիկ կամ դրամաշնորհային: 2019-ի դեկտեմբերին գիտության ֆինանսավորումն ավելացավ 1,5 մլրդ դրամով՝ հնարավորություն տալով 2020-ին իրականացնել ավելի մասշտաբային ծրագրեր: Դրան զուգահեռ՝ արդեն իրականություն է գիտական կառույցների ենթակառուցվածքների համալրման մրցույթը: Այս տարի էլ, Կառավարության որոշմամբ, շուրջ 2,7 մլրդ դրամով նորից ավելացել է գիտության ֆինանսավորումը՝ թույլ տալով նոր ծրագրեր իրականացնել:
Արթուր Մովսիսյան (Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ) - Դա մեզ հնարավորություն տվեց նոր ծրագրեր ներդնելու, որոնք նախօրոք մշակված էին, բայց ֆինանսավորում չլինելու պատճառով չէինք կարողանում ֆինանսավորել:
Նախորդ տարվանից մեկնարկել, այս տարի էլ շարունակվում է մեկնարկի աջակցության դրամաշնորհը: Երիտասարդները, որոնք ունեն գիտական հետաքրքիր գաղափարներ, կամ ուզում են ստեղծել լաբորատորիաներ, տրվել են դրամաշնորհներ, մրցույթի տևողությունը երեք տարի է: Գաղափարները շատ են, իրատեսական, մրցունակ նաև Հայաստանից դուրս:
Արթուր Մովսիսյան - Օրգանական շարունակությունը այսպես կոչված ամրապնդման դրամաշնորհն էր, որն արդեն իսկ տրվում էր գոյություն ունեցող գիտական խմբերին, լաբորատորիաններին, որոնց ղեկավարները համեմատաբար երիտասարդ են:
Բոլոր մրցույթներում կան պայմաններ՝ գիտական ղեկավարները պետք է ապահովեն միջազգային չափանիշներ: Դրա հետ մեկտեղ՝ պարտադիր պայման է ակնալվող արդյունքը: Այսինքն՝ երեք տարվա դրամաշնորհային ծրագրի վերջում գիտնականը կամ գիտական խումբը պետք է տեսանելի արդյունք ապահովի:
Արթուր Մովսիսյան - Մրցույթների տրամաբանական շարունակությունը. երբ ունեինք երիտասարդներ, որոնք խմբեր և լաբորատորիաներ էին ղեկավարում, և համեմատաբար տարեց գիտնականների համար չունեինք մրցույթ:
Այս տարվա ֆինանսավորման շնորհիվ հայտարարվել է նոր մրցույթ՝ առաջատար հետազոտությունների աջակցության դրամաշնորհ՝ շեշտը դնելով գիտական ենթակառուցվածքների վրա: Սա առաջին անգամ է, երբ դրամաշնորհի ժամկետը 5 տարի է, մինչ այս մրցույթները լինում էին առավելագույնը երեք տարի: Բայցի դրանից՝ նախորդ տարիներին դրամաշնորհին կարող էին դիմել մինչև 4 հոգանոց գիտական խմբերը, այս դեպքում թիվն ավելացել է:
Արթուր Մովսիսյան - Այստեղ նվազագույնը 6-7 հոգուց բաղկացած գիտական խմբեր պիտի լինեն, բացի դրանից՝ դրամաշնորհի ընթացքում գիտական խումբը իրավունք ունի մագիստրատուրայի ևս երկու ուսանող ավելացնել խմբում:
Առաջատար հետազոտությունների աջակցության դրամաշնորհում գիտական ղեկավարների տարիքային սահմանափակում չկա: Նախորդ բոլոր մրցույթներում պարտադիր պայման էր, որ ղեկավարը պետք է լինի մինչև 70 տարեկան: Այս դրամաշնորհի հիմքում դրված է նաև գիտական կադրերի պատրաստումը. ավելի տարեց գիտնականները, որ շարունակում են նպաստել գիտության առաջընթացին, ակամա դառնում են խմբի ղեկավար:
Արթուր Մովսիսյան - Նախատեսում ենք մինչև 50 շահառուներ այդ դրամաշնորհից, որոնք, կարծում ենք, ստարտինգի և ամրապնդման հետ, կարող են լինել մեր գիտական համակարգի հենասյուները:
Հավակնոտ խմբերը շատ են, որոնք կարող են բեկում մտցնել գիտության մեջ: Ստացված արդյունքից հետո գիտական խմբերը պետք է հայտ ներկայացնեն միջազգային դրամաշնորհի: Սա ճանապարհ է, որ ստացված թեմաների շարունակությունը կլինի միջազգային ասպարեզում: Այսկերպ գիտական խմբերը հետ կբերեն պետության տրամադրած միջոցները՝ միևնույն ժամանակ հնարավորություն ունենալով ստեղծել իրենց նախընտրած ենթակառուցվածքը՝ մասնավորապես գիտական լաբորատորիաներ: