Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Արցախի նախագահի հրավիրած հանրահավաքն սկսվել է լռության րոպեով՝ հարգելու Արցախի համար զոհվածների հիշատակը: 44-օրյա պատերազմից հետո Արայիկ Հարությունյանը հանրային խոսքից խուսափել է՝ հայաստանյան քաղաքական գործընթացների պատճառով:
Արայիկ Հարությունյան (Արցախի նախագահ) - Իմ հանրային լռությունը՝ չհաշված տարբեր կոլեկտիվներում փակ հանդիպումները, պայմանանավորված էր ՀՀ-ում տեղի ունեցող նախընտրական գործընթացներով, քանի որ պատերազմի մասին իմ յուրաքանչյուր խոսք շահարկվում էր ՀՀ ներքաղաքական լարված պայմաններում:
44-օրյա պատերազմում կրած պարտության համար նաև մեղադրանքներ լսող Արայիկ Հարությունյանը հիշեցրել է՝ մինչև Ադրբեջանի սանձազերծած պատերազմն Արցախը ղեկավարել է 4 ամիս:
Արայիկ Հարությունյան - ՊԲ հրամանատարության կողմից ինձ ուղղված աջակցության որևէ հայտ անպատասխան չեմ թողել, իսկ մնացածը պետք է պարզաբանեն ՀՀ և Արցախի մյուս նախկին ու ներկա ռազմաքաղաքական բոլոր ղեկավարները, քանի որ պատերազմին պատրաստվելը տարիների, տասնամյակների գործ է, ոչ թե օրերի կամ ամիսների:
Գնահատելով սահմանների պաշտպանության կարևորությունը՝ նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոնն ստանձնելուն պես առաջնագծում նախաձեռնել էր ամրաշինական կառույցների շինարարությունը: Պատերազմը, սակայն, խանգարեց:
Արայիկ Հարությունյան - Ընդամենը մի հատ, Մարտունու առջև 517 դիրքն էինք հազիվ կահավորել՝ ընդամենը 50-60 տոկոսով, և այդ նույն բարձունքում որևէ վիրավոր կամ զոհ չենք ունեցել:
Արցախի նախագահը պատրաստ է քննարկել ցանկացած մեղադրանք, բայց ոչ դավաճանություն կամ պատերազմի ժամանակ անգործություն:
Արայիկ Հարությունյան - 44 օրվա մեջ 38 այց եմ ունեցել առաջնագիծ, և ովքեր եղել են առաջնագծում, գիտեն դրա մասին:
Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողների վերջին դժգոհությունը Երևանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբ նրա այցելությունն է: Պատասխանել է՝ հանդիպել է նաև այլ քաղաքական ուժերի հետ:
Արայիկ Հարությունյան - Հետընտրական հանդիպումներ եմ ունեցել Գագիկ Ծառուկյանի, Հրանտ Բագրատյանի, Արամ Սարգսյանի, Էդմոն Մարուքյանի, Սամվել Բաբայանի և այլոց հետ:
Արցախի նախագահը պատրաստ է հրաժարական տալ և չզբաղվել քաղաքականությամբ, բայց դա կանի այն ժամանակ, երբ երկիրը պատրաստ լինի համապետական ընտրությունների:
Արայիկ Հարությունյան - Ես պարզապես ինձ պատասխանատու եմ զգում մեր ժողովրդի ու հաջորդ սերունդների առջև, այնքան պատասխանատու, որ հանկարծ իմ հուզական ու անհեռատես փախուստով չկործանեմ մեր պետականությունը:
Ուղերձից հետո Արցախի նախագահը քաղաքացիների ուղեկցությամբ շարժվել է դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, զինվորական պանթեոնում հարգել Արցախի համար ընկածների հիշատակը: