Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ շնորհավորելով իշխանությանը:
««Հանրապետություն» կուսակցությունը իր խորին շնորհակալությունն է հայտնում նրանց, ովքեր վստահել և իրենց քվեն տվել են «Հանրապետությանը»: Մենք գնահատում ենք ձեր վստահությունը և պարտավորվածություն զգում ձեր առաջ։
«Հանրապետությունը» շնորհավորում է հաղթող թիմին և հաջողություններ մաղթում նրան` Հայաստանի Հանրապետության համար այս վճռորոշ և դժվարին ժամանակներում։
Ցանկանում ենք, որ խորհրդարան անցած բոլոր ուժերը աշխատեն ի շահ մեր երկրի և պետականության, ու հարգում ենք նրանց քվեարկողների ցանկությունը:
Մենք մեր երկրի քաղաքացիների մեջ տարբերություն չենք դնում։
«Հանրապետություն» կուսակցությունը խոստանում է իր ընտրողին, որ այսուհետ նույնպես, նույն եռանդով շարունակելու է տարածել իր մոտեցումները` փորձելով բալանսավորել ՀՀ արտաքին քաղաքականությունը, առաջարկելով տնտեսության ուժեղացման լուծումներ և ներդրումային ծրագրեր։
Մենք խաղաղություն և բարեկեցություն ենք մաղթում մեր ժողովրդին ու բեղմնավոր աշխատանք ցանկանում ութերորդ գումարման Ազգային ժողովին»,- ասված է հայտարարության մեջ։