Սիրիական բանակը ռուսական օդուժի աջակցությամբ անցած կիրակի խոշոր գործողություն է սկսել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ երկրի կենտրոնական և արևելյան շրջաններում, գրում է EaDaily-ն:
Վերջին ամիսներին իսլամիստ գրոհայիններն ակտիվացրել են կառավարական ուժերի դեմ իրենց հարձակումները: Կիրակի տասը զինվոր է սպանվել և վիրավորվել Դեր Զոր նահանգի հարավ-արևմուտքում «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» (ԴԱԻՇ) հետ բախումների ժամանակ:
Ցամաքային գործողությունն իրականացվում է Սիրիայի զինված ուժերի գեներալ Սուհեյլ ալ Հասանի գլխավորությամբ: Սիրիական բանակը փորձում է գրոհայիններին դուրս հանել Ալ Բադիա անապատում գտնվող ստորգետնյա բազմաթիվ ապաստարաններից: Սիրիայի կառավարական ուժերի լայնածավալ ցամաքային գործողությունները ծավալվում են ռուսական ավիացիայի ինտենսիվ հարվածներին զուգահեռ: Վերջին 48 ժամվա ընթացքում ռուսական օդուժն ավելի քան 120 հարված է հասցրել ԴԱԻՇ-ի 17 դիրքի: