Մինչ հանրահավաքի ելույթները, նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմի նահատակների հիշատակը: Այնուհետև Սուրեն Պապիկյանն իր խոսքում ևս մեկ անգամ նշեց, որ երեկվա քվեարկությամբ ժողովուրդը հաստատեց, որ ՀՀ-ում տիրում է ժողովրդի իշխանությունն ու նշեց, որ Հայաստանում կեղծ ընտրությունների էջն այևս փակված է: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նազելի Բաղդասարյանն էլ արձանագրեց, որ սա, իրապես, ժողովրդի հաղթանակն է, և իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ իրենք ծառայել ու ծառայելու են Հայաստանի Հանրապետությանը:
Կուսակցության անդամ Հայկ Կոնջորյանն էլ երեկվա ժողովրդի քվեարկությունը համարեց պատմական: Փողի, զոռբայության, կրիմինալի վրա հիմնված աշխարն այլև փլուզված է՝ ասում է Հայկ Կոնջորյանն ու հավելում՝ Հայաստանում քաղաքացու իշխանությունն անսասան է:
Սուրեն Պապիկյանը նշեց, որ քարոզարշավի ընթացքում շատ ահազանգեր են ստացել այն մասին, որ նախկինները փորձել են ընտրություններում սպառնալ մարդկանց՝ մինչև անգամ աշխատանքից ազատման սպառնալիքով: Սուրեն Պապիկյանը հորդորեց հենց վաղվանից ու վաղ առավոտից վերականգնել մարդկանց իրավունքները: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանն էլ անդրադարձավ երեկվա քվեարկությանն ու նշեց, որ բոլոր տեղերում իրենք հաղթել են: Միայն մի քանի տեղամասում այլ ցուցանիշներ են գրանցվել:
Երեկվանից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում քննարկում էին՝ հանրահավաք անե՞ն, թե՞ չանեն: Մարդիկ անքուն են ու հոգնած՝ ասում է Նիկոլ Փաշինյանը, սակայն, ինչպես ասում են, հանդիպման վայրը փոխել չի կարելի՝ մեջբերում է նա:
Այսօրվա հանրահավաքով ամփոփում ենք քարոզարշավն ու ընտրությունները՝ ասում է Նիկոլ Փաշինյանն ու արձանագրում, որ նոյեմբերի 9-ից սկսած՝ Հայաստանի ճգնաժամը հաղթահարված է և վաղվանից անցնում են աշխատանքի:
Փաշինյանը չի ժխտում, որ ընտրությունների ընթացքում կիրառվել է ագրեսիվ հռետորաբանություն, սակայն հորդորում է բոլոր ուժերին սկսել մի պարզ կետից՝ վերջ դնել հայհոյախոսությանը:
Հայաստանում լինելու է օրենքի գերակայություն: Նիկոլ Փաշինյանն անում է իր երկրորդ առաջարկը:
Երկխոսություն ու քննարկումներ սկսելու ցանկություն ունեցողներին Նիկոլ Փաշինյանը հորդորում է հենց վաղվանից սկսել քաղաքական երկխոսություններ, ինքը դրան պատրաստ է:
Հոգևոր ու կազմակերպչական երկխոսելու կոչ հղեց երկրի հոգևոր առաջնորդներին, քանի որ իր խոսքով՝ հավատում է. այն, ինչ տեղի ունեցավ խորհրդարանական ընտրություններում, ձայն բազմաց էր: Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ ժողովրդին մանանեխի հատիկի չափ հավատ է պետք, և իրենք սարեր շուռ կտան:
Անթույլատրելի է հակասություն սերմանել Արցախի և Հայաստանի միջև: Հայաստանի կառավարությունը միշտ կլինի Արցախի ժողովրդի կողքին՝ ասում է Փաշինյանն ու շեշտում՝ կիրառելու են «Անջատում՝ հանուն փրկության» քաղաքականությունը: Արցախի ոչ մի բնակիչ չի մնացել առանց Հայաստանի կառավարության աջակցության՝ նշում է նա:
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում քաղաքական ճգնաժամը հաղթահարված էԼ Ասում է, որ վերադառնում են Հայաստանը նորովի կառուցելու ամենօրյա տքնաջան աշխատանքին: 500 մանկապարտեզի կառուցում, առնվազն յոթ տոկոս տնտեսական աճ ու այն ամենը, ինչ խոստացել են, անելու են՝ մեկ անգամ ևս հավաստիացրեց Նիկոլ Փաշինյանը: Ժողովրդի կողմից պողպատե մանդատը նորընտիր վարչապետին հանձնելու հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Հանրապետության հրապարակում՝ նախապես հրավիրված հանրահավաքում։