ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն այսօրվա հանրահավաքի ընթացքում հայտնեց, որ վաղվանից քաղաքական խորհրդակցություններ է սկսելու խորհրդարանական ընտրություններին մասնակցած այն ուժերի հետ, որոնք երկխոսելու, քննարկելու հակվածություն ունեն:
«Հույս ունեմ, որ ժողովուրդն այս մանդատը տալիս է ինձ, որովհետև մենք պետք է մեր երկրի ու ժողովրդի պատմության այս փուլում գնանք մեր մշակութային, գիտական, տնտեսական, բիզնես լավագույն ներուժի համախմբմանը և ողջ ներուժը մեր ժողովրդի, երկրի, պետության, Հայաստանի և Արցախի անվտանգությանը և բարեկեցությանը ծառայեցնելուն»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանը երկխոսության կոչ արեց նաև այն կառույցներին, որոնց հետ այս ընթացքում բանավեճ և հակադրություն են ունեցել:
«Մենք պարզում ենք ձեզ համախմբման մեր ձեռքը՝ ընդգծելով, որ դա չի կարող որևէ կերպ կասկածի տակ դնել ժողովրդի առաջ մեր ստանձնած պարտավորությունը՝ գործադրելու պողպատե մանդատը և Հայաստանում հաստատելու իրավունքի և օրենքի դիկտատուրա»,- ասաց Փաշինյանը: