Ընտրությունների արդյունքները փաստում են՝ Հայաստանի ժողովրդի պատկառելի մեծամասնությունը ժխտում է հակահեղափոխականությունը, նախկին ավտորիտար, քրեաօլիգարխիկ համակարգի վերադարձը, մեդիակենտրոնի առցանց հանդիպմանն ասաց Էդգար Վարդանյանը: Ըստ քաղաքագետի՝ ընտրելու իրավունք ունեցողների միայն 35 տոկոսն է հակահեղափոխական գաղափարների կողմնակից: Չնայած ամբողջ քարոզարշավին թմբկահարվում էր, թե կա ընտրության երրորդ տարբերակ, բայց քվեարկությունն այլ բան ապացուցեց:
Էդգար Վարդանյան (քաղաքագետ) - Փաստն այն է, որ այդ տարբերակները չունեին հանրային բավարար լեգիտիմություն, աջակցություն լայն հանրության կողմից, ու այդ տարբերակները չէին ապացուցել, որ իրենք կենսունակ են, որ կան հստակ ձևավորված թիմեր, որ կարող են առաջ քաշել այդ տարբերակներ, ու դրա համար նրանք ընտրեցին այդ երկուսի միջև:
Ինչո՞ւ այդպես էլ չձևավորվեց երրորդ ուժը՝ այլընտրանքը: Քաղաքագետի համոզմամբ՝ չձևավորման համար մի քանի գործոն է աշխատել՝ քաղաքական ուժերի ներքին անվստահություն միմյանց նկատմամբ, ճամբարափոխության վախ, առաջինը լինելու հավակնություններ:
Էդգար Վարդանյան - Հիմնական խնդիրներից մեկն այն է, որ կուսակցական համակարգը կայացած չէ, ու նրանց մի զգալի հատվածը կուսակցություններ չեն, նրանք ուղղակի քաղաքական ակումբներ են:
Իշխանության կուսակցության համոզիչ հաղթանակը պայմանավորված էր նաև նրանով, որ քաղաքացիները 3 տարի ականատես են եղել, որ «Քաղաքացիական պայմանագրի» վերնախավը պաշտոնը չի օգտագործում հարստանալու համար:
Էդգար Վարդանյան - Այսինքն՝ չեն դարձել միլիոնատերեր հանրային, պետական ռեսուրսների հաշվին՝ ոտնահարելով մարդկանց իրավունքները և այլն, սա մարդիկ տեսան, ու, կարծում եմ՝ գնահատեցին:
Ընտրությունները բացառիկ է գնահատում քաղաքագետ Վարդանյանը նրանով, որ չարաշահումներ, ընտրախախտումեր արել է ոչ թե իշխանությունը, այլ ընդդիմությունը: Իսկ հետընտրական զարգացումները քաղաքագետը քիչ հավանական է համարում:
Էդգար Վարդանյան - Պատճառն այն է, որ տեղի ունեցան իսկապես ժողովրդավարական ընտրություններ, ու մեծ է ձայների տարբերությունը հաղթողի ու մնացածի միջև, ու նաև մթնոլորտը այնպիսին է, որ կա պահանջարկ խաղաղության ու ստաբիլության:
Վարդանյանի համոզմամբ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ԱՊՀ դիտորդների դրական գնահատականը ևս ազդակ է, որ դժգոհության հանրային ալիք ընդդիմությունը չի կարողանալու հարուցել: