Հայաստանում զբոսաշրջությունն ակտիվության նշաններ է ցույց տալիս: Այս ամիս ռուս զբոսաշրջիկների շրջանում ամենացանկալի 10 ուղղությունների մեջ Հայաստանն առաջին տեղն է զբաղեցրել: Զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահը փաստում է՝ նախորդ ճգնաժամային տարվա համեմատ ոլորտը վերականգնվում է:
Հայաստանը, որպես զբոսաշրջային ուղղություն, մշտապես գրավել է ռուս զբոսաշրջիկներին՝ կազմելով մեր երկիր այցելողների մինչև 45 տոկոսը: Վերջին տարիներին ռուս զբոսաշրջիկների համար հետաքրքիր է դարձել Հայաստանի երկրորդ քաղաքը։
Գյումրին բացահայտում է նաև եվրոպացի զբոսաշրջիկների համար: Ֆրանսիայից Լուիզն ու Պիեռը վաղը հրաժեշտ կտան Հայաստանին: Ասում են՝ կրկին գալու են, արդեն ընկերների հետ:
Այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստան այցելել են հիմնականում Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Իրանից: Մասնագետները կանխատեսում են՝ զբոսաշրջիկների թիվը կավելանա երկրորդ եռամսյակի ընթացքում։
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստան այցելած զբոսաշրջիկների կեսից ավելին մեր հայրենակիցներն են, միաժամանակ, իհարկե, չի նվազում այլազգի զբոսաշրջիկների քանակը:
44-օրյա պատերազմն ու համավարակի հետևանքով ամենաշատ տուժած ոլորտը հենց զբոսաշրջայինն է: Նախորդ տարի զբոսաշրջային շատ գործակալություններ վնասներ կրեցին և փակվեցին:
Մեր երկիր այս տարվա հունվար-մարտին ժամանել է մոտ 86 հազար զբոսաշրջիկ, նախորդ տարի նույն ժամանակահատվածում այցելուները մոտ 370 հազար էին:
Ակնկալվում է, որ այս տարի մեր երկիր կայցելի մոտ 700 հազար զբոսաշրջիկ։
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան