Հեղափոխությունից հետո արդեն 2-րդ անգամ Հայաստանում իրականացվել են այնպիսի խորհրդարանական ընտրություններ, որ միջազգային ու տեղական բոլոր դիտորդների խոսքով՝ համապատասխանել են ժողովրդավարության չափանիշներին ու եղել են լիովին օրինական: Այս մասին Հանրապետության հանրահավաքի ընթացքում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
«Դիտորդները, այնուամենայնիվ, մի հանգամանք նշել են, և մենք դա բոլորս գիտենք, որ, այո՛, այս քարոզչության, ընտրությունների ընթացքում կիրառվել է որոշակի ագրեսիվ հռետորաբանություն: Ես հիմա նույնիսկ չեմ ուզում, որ քննենք, հետաքննենք, թե ով սկսեց և ինչու:
Ուզում եմ կոչով դիմել քաղաքական գործընթացի և հանրային գործընթացի բոլոր մասնակիցներին, Հայաստանի ժողովուրդը կայացրել է իր որոշումը, ստեղծել է նոր քաղաքական իրադրություն և իրավիճակ: Այդ իրավիճակի առաջին կետը և հանգրվանը հետևյալն է. ես առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերին, հանրային մասնակիցներին սկսել մի պարզ կետից՝ վերջ դնել հայհոյախոսությանը:
Առաջին հերթին մեր քաղաքական համախոհներին, կողմնակիցներին եմ կոչ անում, որ վերջ դնենք հայհոյախոսությանը, որովհետև Հայաստանի ու Արցախի պատմության մեջ նոր էջ է բացվում, և այդ էջը պետք է սկսենք ազգային ու հանրային ներուժի համախմբմամբ:
Ասում եմ, որ ինքս էլ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, գուցե ստիպված, գուցե կամա, գուցե ակամա չեմ խուսափել այդ տրամաբանությունից, բայց ես առաջինը ինքս եմ ստանձնում այդ պարտավորությունը և կոչ եմ անում մեր բոլոր կողմնակիցներին վերջ դնել հայհոյախոսությանը, անհարկի ագրեսիային, անհարկի թշնամանքին, որովհետև մենք լրջագույն մարտահրավերների առաջ ենք և պետք է մեր պետականության կառուցման այս նոր և հրաշալի էջը բացենք»,- ասաց Փաշինյանը:
Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ նախկինում ժողովրդի առաջ ստանձնած որևէ պարտավորությունից չեն հրաժարվելու:
«Հայաստանում լինելու է անառարկելի օրինականություն, կարգուկանոն և պատասխանատվության անխուսափելիություն»,- հավելեց վարչապետի պաշտոնակատարը: