Ստրասբուրգում Հունգարիայի նախագահությամբ մեկնարկել է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը: Գլխավոր թեմաներից մեկն իրավահավասարության և կանանց պաշտպանության խնդիրն է: ԵԽԽՎ նախագահությունը անդրադարձել է նաև Հայաստանի խորհրդարանի ընտրությանը: ԵԺԿ նախագահը ողջունել է ընտրության գնալու իշխանության քայլն ու դրա ժողովրդավարական բնույթը: Հայկական պատվիրակության օրակարգում առանձնահատուկ կարևորություն ունի ռազմագերիների վերադարձի խնդիրը: Ադրբեջանի պատվիրակն անարդար է համարում ԵԽԽՎ կոչերը գերիներին վերադարձնելու մասին՝ հղում տալով հունիսին 15 ռազմագերու ազատմանը:
Սոս Ավետիսյան (ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ) - Շնորհակալ եմ, որ անդրադարձաք մեր ընտրությանը: Շատ դժվար ժամանակներում իմ ժողովուրդը կարողացավ իմաստուն կերպով գնալ ընտրության և կառավարություն ընտրել: Ուրախ եմ, եր Հայաստանում ժողովրդավարությունը հաղթեց և մենք կշարունակենք մեր ժողովրդավար ուղին՝չնայած բոլոր դժվարություններին, որ հարուցեց Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան Արցախի դեմ: Նաև ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել ապրիլին հայ ռազմագերիների վերաբերյալ քննարկման համար: Դա հիմք ստեղծեց, որ մենք որոշակի միջազգային ճնշում գործադրենք Ադրբեջանի վրա ու նաև երկխոսություն սկսենք գերիների ազատ արձակման պահանջով: Պարոն Սայիդովն իրավացիորեն նշեց, որ միջազգային հանրությունը շատ աջակցեց այս հարցին: Բայց նա մոռացավ երկու հանգամանք. զեկույցում պետք է նշվի, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք, այսինքն՝ կոչերը նրանց հետ չեն մղում. բոլոր միջազգային դիտորդները կոչ արեցին հետ քաշվել, բայց նրանք չարեցին: Այդ քայլը չի նպաստում խաղաղությանը: Մեկ այլ բան եմ ուզում ընդգծել. գերիների առկայության փաստն Ադրբեջանը երկար ժամանակ ժխտում էր, հիմա տեսնում ենք, որ կան պահված անձինք: Վերջին բավական սադրիչ քայլը՝ Էրդողանի և Ալիևի այցը, ցույց տվեց, որ նրանք խոսում են գերիների մասին այնպես, ասես նրանք խաղադրույքի առարկա էին: Ես ուզում եմ, որ մենք մարդ մնանք. դա կօգնի տարածաշրջանին ձեռք բերել խաղաղության հասնելու որոշակի վստահություն:
Օկուպացրած Շուշի այցի ընթացքում Իլհամ Ալիևի և Թուրքիայի առաջին տիկնոջ խոսակցությունը նաև Տաթև Հայրապետյանի ելությի առանցքում էր:
Տաթև Հայրապետյան (ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ) - Հայաստանն ընտրեց ժողովրդավարության ուղին, և դա փաստ է: Մեր ժողովուրդն ինքնուրույն կարողացավ ընտրել ճգնաժամից դուրս գալու ուղին: Հիմա կցանկանայի վերադառնալ գերիների հարցին և ձեր ուշադրությունը հրավիրել այն խոսակցության վրա, որ մոտ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցավ Իլհամ Ալիևի և Էրդողանի կնոջ՝ Էմինե խանումի միջև: Օկուպացված Շուշի ճանապարհին նա հարցնում է Ալիևին. «Շա՞տ ռազմագերի կա Բաքվում», և Ալիևն ուրախ պատասխանում է. «Այո՛, այո՛, նրանք այնքան շատ են», իսկ Էմինեն ծիծաղելով պատասխանում է. «Շատ լավ է, նրանց փոքր թվերով վերադարձրեք»: Տեսանյութը Youtube-ում է, կարող եք նայել: Եվ այս երկրները՝ Ադրբեջանն ու Թուրքիան, ԵԽ անդամ են: Սա ոչ միայն հակասում է միջազգային իրավունքին, այլև անմարդկային է: Հայաստանն արել է պայմանավորվածության իր մասը, Ադրբեջանն է հրաժարվում անել: Գիտեք՝ մենք 15 գերի ենք վերադարձրել, շատ շնորհակալ ենք, բայց ուզում եմ հիշեցնել, որ ձեր պարտականությունն է գերիների անհապաղ վերադարձը: Խաղաղությունը միայն գեղեցիկ բառ չէ. մենք աշխարհում բոլորից շատ ենք արժևորում այն, որովհետև գիտենք՝ ինչ է նշանակում լինել պատերազմի մեջ և կորցնել սիրելիներին, բայց խաղաղություն նշանակում է գործողություններ և ծանր աշխատանք: Իսկ Ադրբեջանի խաղաղության պատկերացումը Հայաստանի ինքնիշխան տարածք մտնելն է, գերիներին պահելն է, հետո այստեղ գալն ու խաղաղության մասին գեղեցիկ բաներ ասելը:
Պատգամավորը ելույթն ավարտում է ադրբեջանցի գործընկերներին կոչով. եթե խաղաղություն եք ուզում, վերադարձեք ձեր երկիր և ձեր նախագահ Ալիևին ասեք, որ գործի միջազգային իրավունքի համաձայն. վերադարձնի մեր գերիներին և դուրս գա Հայաստանի տարածքից: