Կորոնավիրուսով վարակվածների կոնտակտավորներին թեստավորելիս մասնագետները դեպքեր են հայտնաբերել, երբ պատվաստված մարդիկ վարակվել են:
Գայանե Սահակյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալ) - Եթե մինչև 14-րդ օրն է վարակվում, նույն ձևով, ինչպես և չպատվաստված մարդու մոտ, կարող է հիվանդությունը զարգանալ:
Պատվաստվելուց հետո 14-րդ օրվանից սկսում է իմունիտետի ձևավորումը: Լիարժեք իմունիտետ ձևավորվում է երկու դեղաչափը պատվաստվելուց հետո միայն:
Գայանե Սահակյան - Այսինքն՝ մինչև 14-15 օր մենք շատ խոցելի ենք, թիրախ ենք վիրուսի կամ այլ հարուցչի առումով:
Ինչո՞ւ են պատվաստանյութի առաջին դեղաչափը ներարկելուց հետո որոշ ժամանակ անց միայն երկրորդ դեղաչափը ներարկում: Տարբեր պատվաստանյութերի դեպքում, առաջին և երկրորդ դեղաչափերի համար 20-ից մինչև 80 օր միջակայքը հենց նրա համար է, որ օրգանիզմը մինչև երկրորդ դեղաչափ ստանալը արդեն որոշ քանակությամբ դիմադրողականություն ձեռք բերած լինի վիրուսի հանդեպ, օրգանիզմը միանգամից շատ չծանրաբեռնվի:
Պատվաստված-վարակված մարդկանց դեպքեր շատ չեն եղել, բայց նրանց հիմնական մասը, ասում է մասնագետը, շատ թեթև է տարել հիվանդությունը:
Գայանե Սահակյան - Շատ թեթև են տանում, ոտքի վրա, 1-2 սիմպտոմով՝ կարճ ժամանակահատվածում: Բայց նման դեպքեր էլ են նկարագրվում, որ երկու դեղաչափ պատվաստվել են, ՊՇՌ թեստը դրական է տվել, բայց որևէ ախտանշան չի եղել:
Ամեն դեպքում, երկու դեղաչափ պատվաստված մարդու մոտ հիվանդությունը ծանր կամ ծայրահեղ ծանր ընթացք ունենալ չի կարող, վստահեցնում է մասնագետը: Չի գրանցվել նման որևէ դեպք: Պատվաստման նպատակը հենց դա է: Եվ հիշեցնում է. եթե անգամ առաջին դեղաչափով պատվաստվելուց հետո մարդը վարակվում է, չպետք է մտածի, որ երկրորդ դեղաչափն այլևս պարտադիր չէ: Պարտադիր է, որովհետև բնական վարակի դեպքում չի առաջանում այնպիսի իմունիտետ, ինչպիսին պատվաստանյութն է ձևավորում: