ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացմամբ պարզվել էր, որ մի խումբ բնակիչներ, գալով նախնական համաձայնության, հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու և կուսակցությունների դաշինքի, վերջինիս ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար, նույն վարչական շրջանի մի շարք ընտրողներին անձամբ և միջնորդների միջոցով 2021 թ. հունիսի 14-ին առաջարկել, խոստացել կամ տրամադրել են 20.000-ական ՀՀ դրամ կաշառք:
Դեպքի առթիվ հունիսի 19-ին ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 154.9-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննությունը քննչական ենթակայության կարգով փոխանցվել էր ՀՀ ՀՔԾ-ին:
Շարունակված նախաքննության արդյունքում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել էին երկու անձինք:
Նկատի ունենալով, որ նրանցից մեկն ընդգրկված է դաշինքի պատգամավորի թեկնածուների ցուցակում, նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից օրենքով սահմանված կարգով նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդություններ էին ներկայացվել ՀՀ ԿԸՀ:
Հունիսի 21-ին կայացած նիստում ՀՀ ԿԸՀ-ն բավարարել էր դատախազի վերոնշյալ միջնորդությունները:
Ավելի վաղ պաշտպանության կողմի ներկայացրած բողոքի հիման վրա Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել վերջինիս ձերբակալումը: Արդյունքում տվյալ անձը լքել է ՀՀ տարածքը:
Բացի այդ, վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարան միջնորդություն էր ներկայացվել գործով ձերբակալված մյուս անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը ևս մերժվել էր:
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի այս երկու որոշումների դեմ դատախազությունը ներկայացնելու է վերաքննիչ բողոք:
Պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ ԿԸՀ որոշումները դատավարական ղեկավարում իրականացնող դատախազն ուղարկել է վարույթն իրականացնող մարմնին՝ նրան որպես մեղադրյալ ներգրավելու և անհրաժեշտ դատավարական գործողություններ իրականացնելու հանձնարարությամբ։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: