Միսաք Գասպարյան - Ոնց որ նոր տարի լինի: Էս սեզոնին պետք է գանք ծիրան հավաքենք:
Բերքահավաքը տոնի հետ համեմատող շենավանցիներն արդեն 5-րդ օրն է՝ ծիրան են հավաքում: Առաջին փուլում, ասում են՝ արտահանման ենթակա բերքն է: Այն ոչ շատ հասած, ոչ էլ խակ պետք է լինի: Ճանապարհ է գնալու, ընթացքում կհասունանա:
Միսաք Գասպարյան - Մենք հասածներն ենք քաղում, ցոգոլը թողնում ենք՝ հասնի:
Ծիրանը խնամքով՝ արկղերի մեջ մեկիկ-մեկիկ շարում են այնպես, որ երկար ճանապարհին չվնասվի: Ներքևի շերտում միջին չափի ծիրաններն են դնում, վերևում՝ հյութեղն ու աչք շոյողը:
Սիլվա Գրիգորյան - Վատ որակ չկա, մեծ ու փոքր կա:
Պատվական Սիմոնյան (ֆերմեր) - Եթե մեր տարածաշրջանում լուրջ ներդրող լինի, որ արտահանման հարցը լուծի, մեր մոտ գյուղատնտեսությունն է՛լ ավելի կզարգանա:
Շենավանցի Սիմոնյաններն իրենց 3 հա այգուց մոտ 30 տոննա ծիրան կստանան: Եթե քամին ու փոթորիկն իրենց սև գործը չանեին, գրեթե կրկնակին կհավաքեին:
Պատվական Սիմոնյան - Մեկ ծառը պետք է տար 300-400 կգ ծիրան, հիմա տալիս է 150-200 կգ:
Գյուղացիները ծիրանն արտահանում են Ռուսաստան: Մշակել ու առողջ պտուղ ստանալ կարողանում են, բայց իրացնելն է դժվար: Սիմոնյանները, որ նաև արտահանմամբ են զբաղվում, երբեմն օգնում են համագյուղացիներին՝ ապրանքը ռուսական շուկա հասցնել: Ծիրանի մեկ կիլոգրամը գնում են 600-700 դրամով:
Գագիկ Սիմոնյան (արտահանող ընկերության ղեկավար) - Բա հո չե՞ս թողնի՝ բերքը փչանա, պետք է որակ ունենա, մենք աշխատում ենք որակի վրա, պետք է լինի շատ մաքուր:
Որակից չեն դժգոհում. գնորդը գոհ կմնա նաև համից ու տեսքից: Չնայած պտղագործության հարուստ փորձին՝ այգեգործները նաև դասընթացների են մասնակցում, օգտվում ուղեցույցներից: Անկեղծանում են՝ որակյալ բերք ստանալը գրագետ մշակության արդյունք է:
Արզուման Տոնոյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության գիտության խորհրդատվության, նորարարության և մոնիթորինգի Արմավիրի բաժնի պետ) - Էտից, բուժումներից սկսած՝ ֆերմերների կատարած աշխատանքը եղել է մեր խորհրդատվությամբ: Իրենք պլանավորված աշխատում են: Շենավանցիները բերքահավաքի երկրորդ փուլը կսկսեն ավելի ուշ՝ մթերման շրջանին զուգահեռ: Իսկ քանի դեռ ծառերը բեռնաթափվում են, փորձառու ֆերմերները նախապատրաստում են այգին հաջորդ տարվա համար:
Գագիկ Սիմոնյան - Ծիրանի բերքն այս թփի կոնի տակ է, մենք աշխատում ենք, որ վեգետացիան ճիշտ կատարվի, եկող տարի նորմալ բերք ստանանք: Երկրորդ տարին է՝ Սիմոնյաններն օգտվում են անտոկոս վարկերից: Դրա շնորհիվ հնարավոր եղավ նոր հողատարածքներ ձեռք բերել:
Նոր հողակտորում Եվրոպայից ներմուծված դեղձի ու կեռասի տնկիներ են դրել, որոնք, վստահ են, բարձր բերքատվություն են ապահովելու: