Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության ժամանակ ընթացք է տրվել ընտրական հանցագործությունների մասին 319 հաղորդման, հարուցվել է 6 քրեական գործ, հայտնել է Հայաստանի գլխավոր դատախազությունը:
319 հաղորդումից և ահազանգից 68-ը եղել են մամուլի հրապարակման, 127-ը՝ թեժ գծով ստացած հաղորդման, 17-ը՝ սոցիալական ցանցերում քաղաքացիների գրառման, 107-ը՝ ոստիկանության աշխատակցի զեկուցագրերով օպերատիվ տվյալների հիման վրա: Հաղորդումների և ահազանգերի մեծ մասը վերաբերել է ընտրական իրավունքի խոչընդոտմանը, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, ընտրակաշառք տալուն, քվեարկության գաղտնիությունը խախտելուն:
Երեկ տեղի ունեցած արտահերթ ընտրությունների քվեարկության օրը ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացվել և նախապատրաստվել է 87 նյութ, նաև՝ 2 քրեական գործ: Հայտնել է Հայաստանի քննչական կոմիտեն: Դեպքերը վերաբերել են մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձին, քվեարկության գաղտնիությունը խախտելուն, զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելուն և տեղամասային կենտրոնում և դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն, դիտորդի լիազորությունների իրականացմանը և ընտրական իրավունքին խոչընդոտելուն, տեղամասային կենտրոնում և դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն և կեղծ ընտրական քվեաթերթիկներ պատրաստելուն և իրացնելուն:
Հայաստանի քննչական ծառայությունն էլ հայտնել է, որ Մասիսի տարածաշրջանում ընտրողներին կաշառք տալու, ստանալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ապացույցներ են ձեռք բերվել, որ մի խումբ անձինք կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար ընտրողներին անձամբ առաջարկել, խոստացել և տրամադրել են 20.000-ական դրամ կաշառք: Կա 1 ձերբակալված, նախաքննությունը շարունակվում է: