Եվրամիությունը, Կանադան, Միացյալ Թագավորությունը և ԱՄՆ-ն համատեղ հայտարարություն են տարածել Բելառուսի նկատմամբ համաձայնեցված պատժամիջոցների ներդրման վերաբերյալ, գրում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր մենք համակարգված գործողություններ ձեռնարկեցինք պատժամիջոցներ սահմանելու համար՝ ի պատասխան մայիսի 23-ին Ryanair- ի հարկադիր վայրէջքի և լրագրող Ռոման Պրոտասևիչի և նրա ուղեկից Սոֆիա Սապեգայի քաղաքական դրդապատճառներով ձերբակալմանը»,- ասված է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Եվրամիության հաստատած պատժամիջոցները ներառում են բելառուսական 8 ընկերություն և 78 ֆիզիկական անձ: Մերժվում է ցուցակում ընդգրկված բոլոր անձանց մուտքը ԵՄ, Միության տարածքում նրանց ֆինանսական ակտիվները ենթակա են սառեցման:
Եվրամիության հետ միասին Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանել Կանադան՝ 17 ֆիզիկական անձի և 5 կազմակերպության նկատմամբ, մարդու իրավունքների խախտման համար: Մեծ Բրիտանիան՝ 11 անձի և 2 կազմակերպության նկատմամբ, դարձյալ նույն պատճառաբանությամբ: Ինչպես նաև ԱՄՆ-ը՝ 13 ֆիզիկական և 5 իրավաբանական անձանց նկատմամբ: Նրանց թվում են նախագահ Լուկաշենկոյի մամուլի քարտուղարը և հանրապետության անվտանգության ծառայության ղեկավարը:
Պատժամիջոցների թիրախում են հայտնվել Բելառուսի հիմնականում ուժային կառույցների, արդարադատության ղեկավարները, ավիացիոն, տրանսպորտային, նավթային ընկերությունները: