Մինչ հայաստանյան հասարակությունը գերկենտրոնացած էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների վրա, մեր հարևան Իրանում տեղի ունեցավ իրադարձություն, որը չափազանց կարևոր է ոչ միայն ԻԻՀ-ի ներքին քաղաքական կյանքի, այլև ողջ տարածաշրջանի համար։ Եվ ոչ միայն։ Խոսքը վերաբերում է Իրանում նախագահական ընտրություններին, որոնցում ձայների ճնշող մեծամասնություն ստանալով Իրանի հաջորդ նախագահ ընտրվեց Գերագույն դատարանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին։
Ասել, որ այս ընտրությունն անակնկալ էր, մեղմ ասած՝ չափազանցություն կլինի։ Խնդիրն այն է, որ Ռայիսին ընտրություններում հաղթեց գրեթե կանխորոշված՝ հաշվի առնելով հանգամանքը, որ Պահապանների խորհուրդը մերժեց Ռայիսիի համար քիչ թե շատ լուրջ մրցակիցների գրանցումը, բարեփոխական թևի հիմնական ներկայացուցիչը՝ ԿԲ նախագահ Աբդոլնասեր Հեմաթին, էապես զիջում էր իր մրցակցին, որի շուրջ, ի թիվս այլոց, ընտրություններից հինգ օր առաջ համախմբվեց նաև խորհրդարանի պատգամավորների ճնշող մեծամասնությունը։ Թերևս հենց սրանով է պայմանավորված հանգամանքը, որ ընտրողների մասնակցությունն այս ընտրությունների աննախադեպ ցածր էր։
Այսուհանդերձ, նույնիսկ սա չի կարող ստվերել տեղի ունեցածի կարևորությունը։ Իրանում կրկին իշխանության եկավ պահպանողական թևը, որը իրադարձություններին նայում է փոքր-ինչ այլ դիտանկյունից և ավելի նախանձախնդիր է Իրանի դերի ու նշանակության հարցում։
Եթե փորձենք հասկանալ, թե ինչի՞ կարող է հանգեցնել Իրանում նոր նախագահի պաշտոնավարումը, ապա, թերևս, արժի հիշել, որ Իրանի և Հայաստանի միջև բոլոր սկզբունքային համաձայնությունները կայացվել են հենց այն ժամանակահատվածում, երբ Թեհրանում իշխանության են եղել պահպանողական թևը ներկայացնող նախագահները։ Շատ հեռուն չգնալու համար կարելի է միայն հիշատակել, որ Մահմուդ Ահմադինեժադի նախագահության շրջանում վերջնական բանակցվել և իրականացվել Իրան-Հայաստան գազամուղի շինարարության ծրագիրը, որը, ճիշտ է, ի սկզբանե նախատեսված էր որպես իրանական գազի տարանցման ուղի, սակայն վերջին պահին պաշտոնական Երևանը հրաժարվեց այդ տարբերակից, ինչի արդյունքում գազատարի տրամագիծը նախատեսված 1400 մմ-ի փոխարեն կազմեց 750 մմ։
Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանի մեծ խաղացողներին, ապա գոնե Ադրբեջանն ու Իսրայելը լարվելու տեղիք ունեն։ Իսրայելի դեպքում ամեն ինչ ավելի քան պարզ է։ Իրանցի պահպանողականներն ավանդաբար շատ ավելի կոշտ դիրքորոշում ունեն Թել Ավիվի նկատմամբ, իսկ եթե հաշվի առնենք, որ վերջերս խաղից «հանվեց» իսրայելական քաղաքական բազեներից մեկը՝ Բենիամին Նեթանյահուն, ապա պարզ է, որ Իսրայելին բավական լարված տարիներ են սպասում։
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Բաքուն նույնպես լուրջ խորհելու տեղ պիտի ունենա։ Նախ՝ եթե Իրան-Հայաստան հարաբերությունները նոր որակ ստանան, ապա Ադրբեջանը տարածաշրջանային լուրջ մարտահրավերների կբախվի, այդ թվում դուրս մնալով Հարավ-հյուսիս տրանսպորտային միջանցքի ծրագրին մասնակցության հնարավորությունից։ Բացի դրանից, Ադրբեջանը կա՛մ պիտի չափավորի հռետորաբանությունը՝ գոնե առժամանակ մոռանալով «Հարավային Ադրբեջան» բառակապակցությունը, կա՛մ էլ պիտի պատրաստ լինի, որ Թեհրանը կարող է վերջապես լուրջ վերաբերվել իր հանկարծահաս հարևանին և դիմել անսպասելի կոշտ գործողությունների։