Ընտրական ամբողջ գործընթացում՝ նախընտրական շրջանից մինչև բուն քվերակության օրը, ընտրական բնույթի իրավախախտումների վերաբերյալ ընդհանուր շուրջ 650 հաղորդում, ահազանգ է ստացվել: Ընդհանրական, անորոշ բնույթի հաղորդումներն ուղարկվել են ոստիկանություն՝ տեղեկության իսկությունը ստուգելու նպատակով:
Գոռ Աբրահամյան, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական - Նշված 650 հաղորդումներից 234-ը, որոնք ավելի կոնկրետ են եղել, ավելի հստակ են եղել, ավելի հասցեական, դրանք դատախազության կողմից ուղարկվել են նախաքննության և հետաքննության մարմիններ, արդեն քրեադատավարական կարգով քրեական դատավարության օրենսգրքի 180, 181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու նպատակով:
Դատախազությունում տվյալները դեռ ամփոփման փուլում են: Արդյունքում՝ նախնական տվյալներով հարուցվել է ընդհանուր 30 քրեական գործ:
Գոռ Աբրահամյան - Այդ 30 քրեական գործերից հատկանշական է հատկապես այն հանգամանքը, որ 20-ը վերաբերում են առերևույթ ընտրակաշառք տալուն, ընտրակաշառք ստանալուն, ընտրակաշառքի միջնորդությանը, ինչպես նաև ընտրողների ազատ կամարտահայտմանը խոչընդոտելուն:
Երեք քրեական գործ հարուցվել է ընտրությունների մասնակցությանը կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն դրդելուն, հարկադրելուն կամ մասնակցելուն խոչընդոտելուն: Չորս քրեական գործ՝ քարոզչական բնույթի պաստառների վնասման փաստերով: Մեկ քրեական գործ՝ կեղծ քվեաթերթիկների կամ քվեարկության ծրարների իրացման փաստերով: Կան նաև քրեական գործեր՝ քվեարկության գաղտնիության խախտման, տեղամասային կենտրոն զենքով մոտք գործելու վերաբերյալ:
Գոռ Աբրահամյան - Այս քրեական գործերով ներկայումս իրականացվում են ծավալուն, բազմածավալ գործողություններ նախաքննական մարմինների կողմից, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմինների կողմից: Ունենք բազմաթիվ քրեական հետապնդման ենթարկված անձինք՝ 14 մեղադրյալ, մոտ 2 տասնյակի հասնող կասկածյալի կարգավիճակ ունեցող անձինք: Մի մասով կալանավորված են, մի մեծ մասի հետ կապված, որպես խափանման միջոց, ընտրվել են ստորագրություն չհեռանալու մասին:
Պատգամավորության թեկնածու հանդիսացող վեց անձի վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողով դատախազությունը ներկայացրել է միջնորդություններ՝ նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու նպատակով:
Գոռ Աբրահամյան - Այս պահի դրությամբ այդ միջնորդություններից չորսն արդեն իսկ բավարարվել է, երկու անձինք կալանավորված են: Խոսքը վերաբերում է պատգամավորության թեկնածուներին, որոնք ընդգրված են ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի ցուցակներում:
Վեցից հինգը կասկածվել են ընտրակաշառք տալու հանցավոր արարքների մեջ, մեկի դեպքում՝ ընտրություններին մասնակացելու և կոնկրետ քաղաքական ուժի օգտին քվեարկելուն հարկադրելու համար:
Հիմնական իրավախախտումների բնույթի ահազանգերից հաղորդումների գերակշիռ մասը եղել է ընտրակաշառք տալու, քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն վերաբերյալ: